Արմեն Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Գարեգին Բ-ի հետ. քննարկել են Ադրբեջանի ագրեսիան (Լուսանկար)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթավերջին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետն անդրադարձել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը:
Նրանք կարևոր ու խորհրդանշական են համարել, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականները թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, ինչպես մեր պատմության ողջ ընթացքում, այսօր էլ զորավիգ են Հայրենիքին, նրա անվտանգությունն ու խաղաղությունը պաշտպանող մեր զինվորների կողքին են՝ աղոթքով ու հոգևոր խոսքով զորացնելով և քաջալերելով հայրենիքի պաշտպաններին:
Նախագահն ու Վեհափառ Հայրապետը խոսել են նաև ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման մասին:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայ առաքելական եկեղեցու կողմից իրականացվող աջակցության ծրագրերի համար: