Քանյե Ուեսթն առաջին միջոցառումը կանցկացնի նախընտրական քարոզարշավի շրջանակում
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, մտադիր է իր նախընտրական առաջին միջոցառումն անցկացնել հուլիսի 19-ին, Հարավային Կարոլինայում, հաղորդում է Politico-ն:
Ընտրողների հետ Ուեսթի հանդիպումը կկայանա Նորթ-Չարլսթոն քաղաքի Exquis Event Center-ում: Հանդիպմանը կարող են մասնակցել միայն նախապես գրանցված հյուրերը, որոնց տեղեկացվում է բժշկական դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, միջոցառման հյուրերը պետք է թուղթ ստորագրեն, որը կազմակերպիչներին կազատի պատասխանատվությունից՝ մասնակիցների կորոնավիրուսով վարակվելու դեպքում:
Ինքը՝ Ուեսթը, Twitter-ում դիմել է Հարավային Կարոլինայի իր հետևորդներին ստորագրություն թողնելու խնդրանքով՝ նախագահական ընտրությունների քվեաթերթիկում ընդգրկվելու համար: Նա նշել է այն վայրերի ցուցակը, որտեղ հնարավոր է դա անել:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը, որին նախկինում աջակցում էր Ուեսթը, աջակցել է ռեփերի նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկությունը: Թրամփը վստահություն է հայտնել, որ երգիչը կաջակցի հանրապետականներին, իսկ ավելի ուշ հայտարարել է, որ Ուեսթը հեշտությամբ կտանի Միացյալ Նահանգների սևամորթ բնակչության ձայները դեմոկրատ Ջո Բայդենից:
Հուլիսի 15-ին ԱՄՆ-ի Դաշնային ընտրական հանձնաժողովը քննության է առել Ուեսթի որպես նախագահի թեկնածու գրանցվելու դիմումը: Ռեփերը առաջադրվում է իր սեփական կուսակցությունից՝ The Birthday Party-ից: