«Չեռնոբիլ» սերիալը BAFTA-ի յոթ մրցանակ է ստացել (Լուսանկարներ)
«Չեռնոբիլ» (Chernobyl, 2019) մինի-սերիալը բրիտանական կինոյի եւ հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) յոթ մրցանակ է ստացել, հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը:
Ակադեմիայի մրցանակներ ստացել են շվեդ ռեժիսոր Յոհան Ռենկը, իսլանդացի կոմպոզիտոր Հիլդա Գուդնադոտիրը, որը ստեղծել է «Չեռնոբիլի» օրիգինալ երաժշտական թեման, եւ կոստյումներով նկարիչ՝ բրիտանուհի Օդիլ Դիք-Միրոն: Սերիալը նաեւ մրցանակներ է ստացել լավագույն օպերատորական աշխատանքի եւ լույսի, լավագույն դեկորացիաների, ձայնի եւ մոնտաժի համար:
Ընդհանուր առմամբ «Չեռնոբիլը», որը ստեղծվել է ամերիկյան HBO հեռուստակայանի եւ բրիտանական Sky մեդիաընկերության կողմից, առաջադրվել է 14 մրցանակի: Բացի այդ, ֆիլմը հավակնում է BAFTA հեռուստատեսային մրցանակներին երեք անվանակարգերում՝ լավագույն մինի-սերիալ, լավագույն դերասան եւ երկրորդ պլանի լավագույն դերասան: Հեռուստամրցանակների շնորհումը տեղի կունենա հուլիսի 31-ին։
Աշխարհում ամենամեծ հետաքրքրությունն առաջացնում է BAFTA կինոմրցանակների շնորհումը, որոնց մրցանակակիրներին ավանդաբար անվանում են փետրվարին՝ ԱՄՆ - ում կինոարվեստի աշխարհի երկու գլխավոր պարգեւների՝ «Ոսկե գլոբուսի» եւ «Օսկարի» պարգեւատրման արարողությունների միջեւ: Համավարակի պատճառով 2021 թվականի BAFTA կինոմրցանակների դափնեկիրների անունները կհայտարարեն միայն ապրիլի 11-ին, իսկ «Օսկար» մրցանակները կհանձնեն ապրիլի 25-ին: