Քանյե Ուեսթը կանցկացնի իր առաջին նախընտրական միջոցառումը Հարավային Կարոլինայում
Հայտնի ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը կանցկացնի իր առաջին նախընտրական միջոցառումը ԱՄՆ հարավում, գրում է Politico-ն։
Նրա կյանքում այդ առաջին նախընտրական միջոցառումը կկայանա Հարավային Կարոլինա նահանգում։ Ուեսթը կայցելի փակ միջոցառում Հյուսիսային Չարլսթոնում, որը միայն գրանցված մասնակիցների համար է։
Բոլոր մասնակիցների համար մուտքը դիմակով է, պահանջվում է նաեւ պահպանել սոցիալական հեռավորություն։
Ուեսթը, որը հայտարարել էր նախընտրական քարոզարշավում իր մասնակցության մասին, անցած շաբաթ ներկայացրել է դիմում Դաշնային ընտրահանձնաժողովին։
Ավելի վաղ նա դիմել է իր կողմնակիցներին Twitter-ում, որպեսզի նրան ներառեն Հարավային Կարոլինայի նախընտրական տեղեկագրում։
Պարբերականը նշում է, որ 43-ամյա Ուեսթը չի հիշատակվել ոչ մի խոշոր հարցման մեջ, անգամ ընտրողների շրջանում, որոնք դեմ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կամ Դեմոկրատական կուսակցությունից Ջո Բայդենի թեկնածությանը։
Ուեսթի նախընտրական արշավին ծանոթ աղբյուրի խոսքով՝ նա գրանցվել է, ըստ ամենայնի, ընդամենը երկու նահանգներում։
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Ուեսթը դուրս էր մնացել նախընտրական քարոզարշավից։
Հիշեցնենք, որ իր քաղաքական հավակնությունների մասին ռեփերը հայտարարել էր հուլիսի 4-ին Twitter-ում։ Շատերի մոտ այդ լուրն առաջացրել էր սկեպտիկ վերաբերմունք՝ ստիպելով մտորել նախկինում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին սատարող հայտնի ռեփերի այդ մտադրության պատճառների մասին։