Վանի հայկական եկեղեցիները օրեցօր քանդվում են. Թուրքական կայքի անդրադարձը (ֆոտո)
Թուրքական Gazeteduvar կայքն անդրադարձել է Վանի նահանգում գտնվող եւ գանձագողերի ու լքված լինելու հետեւանքով քանդվող հայկական մի քանի եկեղեցիներին։
Gazeteduvar–ը գրել է. «Հոգեւոր տուրիզմի կենտրոն համարվող Վանի հայկական եկեղեցիներից Սուրբ Բարդուղեմեոսը արդեն երկար ժամանակ սպասում է վերականգմանը, սակայն մինչ հիմա որեւէ քայլ չի արվել եւ եկեղեցին շարունակվում է քանդվել։
Վանի քանդվող եկեղեցիներից է Սուրբ Գեւորգ եկեղեցին եւ Սուրբ Աստվածածին վանական համալիրը։ Մինչեւ 90–ականները կանգուն եկեղեցուց այս պահին մի պատ է մնացել, իսկ վերջին տարիներին անմիջապես հարեւանությամբ մզկիթ են կառուցել։
Վանի Արծվաբեր վանքի Սուրբ Խաչ եկեղեցին եւս ոչնչնացման եզրին է եկեղեցու ներսում գանձագողերի կողմից իրականացվող հորատումների պատճառով։
Ոչնչացման եզրին է գտնվում նաեւ Վանա լճի Լիմ կղզում գտնվող հայկական վանքը, որը եւս սպասում է վերականգնմանը»։