Միշուստինը որոշում է ստորագրել Ռուսաստանում էլեկտրոնային աշխատանքային գրքույկներ մտցնելու մասին
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը որոշում է ստորագրել, որի համաձայն 2021 թվականի հունվարի 1-ից ՌԴ քաղաքացիները կկարողանան աշխատանքի տեղավորվել էլեկտրոնային աշխատանքային գրքույկներով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությանը:
Ռուսաստանցիները կկարողանան էլեկտրոնային աշխատանքային գրքույկները տեսնել Կենսաթոշակային հիմնադրամի կայքի անձնական կաբինետում, պետծառայությունների պորտալում եւ սմարթֆոններում այդ ռեսուրսների հավելվածներում: Թվային գրքույկից թղթի վրա քաղվածքի տեսքով տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ վերջին գործատուից, Ռուսաստանի Կենսաթոշակային հիմնադրամից եւ Բազմաֆունկցիոնալ կենտրոններից:
Էլեկտրոնային աշխատանքային գրքույկներ մտցնելու մասին օրենքը ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ից: Ըստ օրենքի՝ գործատուները էլեկտրոնային ձեւով Ռուսաստանի Կենսաթոշակային հիմնադրամ են ներկայացնում տեղեկություններ աշխատակիցներին ընդունելու, ազատելու, համապատասխան դիմումներ ներկայացնելու մասին: 2020 թվականի սկզբից աշխատակիցների աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները ստեղծվում են էլեկտրոնային ձեւով:
Ներկա պահին արդեն 1,44 մլն ռուսական ընկերություններ Ռուսաստանի Կենսաթոշակային հիմնադրամ են ուղարկել ավելի քան 24,7 մլն մարդու աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ: Աշխատողը 2020 թվականի ընթացքում իրավունք ունի ընտրելու այդ փաստաթղթի թղթե եւ էլեկտրոնային տարբերակների միջեւ: 2021 թվականից առաջին անգամ աշխատանքի տեղավորվող բոլորի համար աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները վարվելու են էլեկտրոնային ձեւով՝ առանց թղթե աշխատանքային գրքույկ ձեւակերպելու: