Ռոհանին հայտնել է Իրանում գրեթե 35 մլն մարդու կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքի մասին
Իրանում գրեթե 30-35 մլն մարդ կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելու սպառնալիքի տակ է: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հաշվետվությունը, փոխանցում է ԻՌՆԱ-ն:
«Երկրի առողջապահության նախարարության հաշվետվության համաձայն՝ կորոնավիրուսով է վարակվել շուրջ 25 մլն իրանցի, մոտ 14 հազարը մահացել է: Վերջին 150 օրում երկրի հիվանդանոցներում հոսպիտալացվել է 200 հազարից ավելի մարդ»,- ասել է Ռոհանին կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում:
«Ըստ հաշվետվության՝ կորոնավիրուսով է վարակվելու եւս 30-35 մլն մարդ: Եթե հաշվետվությունը հիմնված է այն փաստի վրա, որ 25 մլն մարդ վարակվել է, ապա բնակչության մնացյալ մասը, որը կազմում է 30-ից մինչեւ 35 միլիոն, առաջիկա ամիսներին կլինի վարակման ռիսկի տակ»,- ասել է Իրանի նախագահը՝ նշելով, որ առողջապահության նախարարության կանխատեսումներով՝ ապագայում հոսպիտալացվածների թիվը 2 անգամ կմեծանա վերջին 5 ամիսների համեմատությամբ:
Հուլիսի 17-ի վերջին տեղեկություններով՝ Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը աճել է 270 հազարով, մահվան դեպքերի թիվը՝ 13 800-ով, գրանցվել է ապաքինման 233 հազար դեպք, ուրբաթ հայտնել էր առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Սադաթ Լարին: