Մոսկվայում հայերը կիլոմետրանոց հերթ են կանգնել հայկական ծիրան գնելու համար
Մոսկվայում հայերը կիլոմետրանոց հերթ են կանգնել հայկական ծիրան գնելու համար: Այս մասին են վկայում բազմաթիվ Մոսկվայում ապրող հայերի ֆեյսբուքյան տեսանյութերը:
Նշենք, որ արդեն երկու օր է Ռուսաստանի տարբեր քաղաքների և, մասնավորապես, Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել էր բավականին լուրջ խնդիր. Ռուսաստանի ադրբեջանցիները ամեն կերպ խոչընդոտում էին և թույլ չէին տալիս, որպեսզի մեր հայրենակիցները Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը կարողանային իրացնել ռուսաստանյան շուկաներում:
Ամենամեծ խնդիրն առաջացել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկայում, որի կայանատեղիում երկու օր է կայանած էին հայաստանյան պետհամարանիշերով բեռնատարներ՝ բեռնված գյուղատնտեսական մթերքներով և մասնավորապես՝ ծիրանով:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը և Ռուսաստանի հայերի միությունը կապ են հաստատել Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայի սեփականատերերի հետ, ընթացել են բանակցություններ, որպեսզի խնդիրը վերջնականապես կկարգավորվի:
Մինչ այդ Մոսկվայում և հարակից շրջաններում բնակվող հայերն են գնում ծիրանը, որպեսզի այն չփչանա: