Ռուսաստանում անտառային հրդեհներն ընդգրկել են ավելի քան 41,8 հազար հեկտար մակերես (Տեսանյութ)
Ռուսաստանում այսօր անտառների հրշեջ կազմավորումները կրակը մարում են 41,8 հազար հա մակերեսը գերազանցող տարածքում: Վերջին մեկ օրում կրակով բռնկված տարածքները կրճատվել են ավելի քան 9 հազար հա-ով, լրագրողներին հայտնել են դաշնային Ավիաանտառպահպանության մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«2020 թվականի հուլիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության տարածքում գործել է (եւ շարունակում է գործել) 193 անտառային հրդեհ 41 877 հա մակերեսով, որոնց ակտիվ մարման աշխատանքներ են կատարվել»,- հայտնել են Ավիաանտառպահպանության մամուլի ծառայությունից:
Ներկայումս ամենաուժող հրդեհները գրանցվում են Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանում, որտեղ այրվում է ավելի քան 13 հազար հա: Ավելի քան 8 հազար հա անտառ է կրակով բռնկված Ամուրի մարզում, մոտ 6,5 հազար հա՝ Իրկուտսկում: Հրդեհներ են նկատվում նաեւ մի շարք այլ տարածաշրջաններում:
Հրշեջները կրակի օջախներ են մարում նաեւ հատուկ պահպանվող բնական տարածքներում: Այսպես՝ կրակը տարածվել է գրեթե 2,5 հազար հա տարածքում Բուրյաթիայում, Կրասնոյարսկի երկրամասում, Բաշկորտոստանում, Յակուտիայում, Խաբարովսկի երկրամասում եւ Սվերդլովի մարզում:
Անտառային հրդեհների դեմ պայքարին ներգրավված է ընդհանուր առմամբ ավելի քան 5,5 հազար մարդ, գործարկվել է 894 միավոր տեխնիկա: Անտառների իրավիճակը օդից դիտարկում են 66 օդանավեր, 39-ը մասնակցում են մարմանը:
Անտառներում բռնկումների պատճառով հատուկ հակահրդեհային ռեժիմ է մտցվել երկրի 54 տարածաշրջաններում: Արտակարգ դրության ռեժիմ է գործում Յակուտիայի, Կրասնոյարսկի երկրամասի, Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանի ամբողջ տարածքում, մասնակի՝ Օրենբուրգի, Սվերդլովի, Իրկուտսկի, Ամուրի մարզերի, Անդրբայկալի երկրամասի եւ Բուրյաթիայի տարածքներում: