Հայկական ապրանքով բեռնատարները դուրս են բերվել Մոսկվայի շուկայից. ՌՀՄ–ն բանակցություններ է վարում (Տեսանյութ)
Սոցիալական ցանցերում այսօր շրջանառվել է տեղեկատվություն, որ Մոսկվայի խոշորագույն մեծածախ շուկաներից մեկից՝ գյուղատնտեսական «Ֆուդ Սիթի» շուկայից կեսգիշերին դուրս են բերվել հայկական ապրանքներով բեռնատարներ։ Որոշ մատակարարներ տեղեկացնում են, որ մթերքն արդեն փչացել է։
Ռուսաստանի Հայերի Միությունը բանակցություններ է վարել Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ ՌԴ նախագահի վարչակազմի հետ «Ֆուդ Սիթի»-ում իրավիճակի կապակցությամբ։
«Մենք տեղեկացրել ենք նրանց բարդ իրավիճակի մասին, որը ծագել է հայ վարձակալների իրավունքները ոտնահարելու հետեւանքով, եւ խնդրել ենք կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել նրանց օրինական իրավունքները վերականգնելու համար։ Ինչպես հաղորդել է ազգությունների գործերով դաշնային գործակալության ղեկավար Ի․Բարինովը, «Ֆուդ Սիթի»-ի ղեկավարները վստահեցրել են, որ իրենց համար նույնչափ կարեւոր են բոլոր վարձակալները, այդ թվում՝ հայերը։ «Նրանք ամեն ինչ կանեն իրավիճակը կարգավորելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆեյսբուքի հայ օգտատերերը սկսել են ֆլեշմոբ սոցցանցում, որպեսզի աջակցեն իրացնել հայկական գյուղմթերքը, որի վաճառքն արգելվել է մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկայում:
Նշենք, որ«Ֆուդ սիթի» շուկան պատկանում է «Ֆուդ սիթի» ընկերությունների խմբին, որոնց սեփականատերերը ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովն ու Զառախ Ալիևն են: