Միշուստինը համարում է, որ ԵԱՏՄ-ին պետք է մասնագիտացված տեղեկատվական համակարգ աշխատանքային միգրացիայի ոլորտում
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ ռուսական կողմը համարում է, որ կարեւոր է ստեղծել ԵԱՏՄ տարածքում աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտացված տեղեկատվական համակարգ։ Նրա խոսքով՝ օգտակար կլիներ նաեւ Զարգացման Եվրասիական բանկի (ԶԵԱԲ) մասնակցությունը թափուր աշխատատեղեր որոնելու համար թվային նախագծի մշակման հարցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԵԱՏՀ-ի հարթակում ընթանում է աշխատանք Ռուսաստանի կողմից առաջարկված «Որոնման միասնական համակարգ «Աշխատանք առանց սահմանների» թվային նախագծի ստեղծման շուրջ։ Ես կարծում եմ, որ այստեղ եւս լավ կլիներ, որ մեր զարգացման բանկը մասնակցություն ունենար»,-ասել է Միշուստինն ուրբաթ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։ Նա հիշեցրել է, որ այդ նախագիծը կապահովի հասանելիություն թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվության եւ անդամ երկրների համապատասխան ռեսուրսների հարցում։
«Կարեւոր ենք համարում նաեւ աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտացված տեղեկատվական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը»,-հայտարարել է Ռուսաստանի վարչապետը։
«Մեր ընդունած որոշումները բավականին ամուր հիմք են ստեղծել համատեղ աշխատանքի համար, մեկնարկել են առաջին թվային նախագծերն այնպիսի նշանակալի ոլորտներում, ինչպիսին են արդյունաբերությունը, տրանսպորտը, աշխատաշուկան»,-հավելել է Միշուստինը։
ՌԴ վարչապետը նաեւ հայտարարել է ԵԱՏՄ-ի հետ տարբեր երկրների կողմից համագործակցությունն աջակցելու եւ Միության հետ տարբեր ձեւաչափի երկխոսությունը դիտարկելու պատրաստակամության մասին եւ առաջին հերթին ԱՊՀ պետությունների հետ։
«ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակ ստանալու համար պաշտոնական հայտ են ներկայացրել Կուբան եւ Ուզբեկստանը, հիշեցրել է Միշուստինը։-Մենք սատարում ենք այդ ձգտումը, պատրաստ ենք քննարկել ուրիշ գործընկերների հետ երկխոսության տարբեր ձեւաչափեր»։
Ռուսաստանի վարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ն աստիճանաբար ավելի շատ երկրներ է ձգում։ Նա ողջունել է, մասնավորապես, Մոլդովայի մշտական ներկայացուցչի միանալը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքներին։
Իր ելույթն ավարտելով՝ Միշուստինը համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ գործընկերների համատեղ համաձայնեցված աշխատանքը թույլ կտա հաղթահարել բոլոր խոչընդոտները, որոնք ծառացել են երկրների առջեւ, մասնավորապես, կորոնավիրուսային վարակի տարածումը, ու շարժվել առաջ զարգացման եւ եվրասիական ինտեգրումն ամրապնդելու ուղով։