Տավուշի բնակիչները թույլ չեն տալիս, որ ատելությունն իրենց վրա գերիշխի. Շառլ Ազնավուր հիմնադրամ
Մենք խստորեն դատապարտում ենք բռնությունը եւ կոչ ենք անում հարգել յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքը՝ կյանքի իրավունքը: Այս մասին նշված է Շառ Ազնավուր հիմնադրամի հայտարարության մեջ:
««Սեր մարդկանց հանդեպ՝ սկսած իմ ընտանիքից, բարեկամներից եւ իմ հանդիսատեսից... Սեր մերձավորի հանդեպ՝ անկախ կրոնից, մաշկի գույնից եւ ռասայից... Սեր մարդկության հանդեպ»: Շառլ Ազնավուրի այս բառերը մարմնավորում են նրա կենսական փիլիսոփայությունը:
Չնայած ծանր հանգամանքներին, որոնց նրա ընտանիքը բախվել է Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ չնայած իր սեփական փշոտ ճանապարհին, նրա սրտում երբեք ատելության համար տեղ չի եղել: Այսօր մենք մեծ տագնապով ենք հետեւում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, որտեղ վերջին օրերին մի քանի գյուղեր անընդհատ գնդակոծվում են: Սակայն Տավուշի բնակիչները, որոնք ապրում են ռազմական գործողությունների սպառնալիքի ներքո, թույլ չեն տալիս, որ ատելությունն իրենց վրա գերիշխի: Նրանք սիրում են իրենց ընտանիքներին, իրենց հողը եւ մարտնչում են խաղաղության համար... Մենք խստորեն դատապարտում ենք ցանկացած բռնություն եւ կոչ ենք անում հարգել յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքը՝ կյանքի իրավունքը: Ատելությունը մարդկանց այրում է ներսից, ուրեմն թող սերն ուղղորդի մեզ բոլորիս»,- նշված է հայտարարության մեջ: