Խոշոր հրդեհ ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի դեսանտային նավի վրա. Չորս օր է պահանջվել այն մարելու համար
Չորս օր է պահանջվել, որ հրշեջները մարեն այս շաբաթվա սկզբին ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի դեսանտային նավի վրա բռնկված հրդեհը: Նավը գտնվում էր կալիֆորնիական Սան Դիեգոյի ռազմածովային բազայում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Քննիչները դեռ չեն պարզել, թե ինչն էր միլիարդավոր դոլարներ արժեցող USS Bonhomme Richard ունիվերսալ նավի վրա բռնկված հրդեհի պատճառը։
«Մենք չգիտենք հրդեհի պատճառների մասին: Մեզ հայտնի չէ վնասի չափը: Դեռ շատ վաղ է կանխատեսումներ կամ խոստումներ տալ այն մասին, թե ինչպիսին կլինի նավի ապագան»,- հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կոնտր-ծովակալ Ֆիլիպ Սոբեկը:
Ըստ ՌԾՈՒ-ի՝, նավի վրա 160 նավաստի կար: Associated Press-ի փոխանցմամբ՝ հրդեհը սկսվել էր զրահատեխնիկայի ստորին անգարում:
Ածխածնային գազ շնչելուց եւ ջերմային հարվածից տուժած ՌԾՈՒ-ի 63 աշխատակից բժշկական օգնություն է ստացել: Նրանցից ոչ մեկին հոսպիտալացում անհրաժեշտ չի եղել։
Նավը պլանային տեխնիկական սպասարկում էր անցնում Սան Դիեգոյի նավահանգստում: Ավելի վաղ Սոբեկը հայտարարել էր, որ նավի վրա զինամթերք չկար, իսկ վառելիքի պաշարները հեռու էին հրդեհի աղբյուրից: