Ռուսաստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովը կորոնավիրուսի համավարակի ժամանակ մեծացրել է իր կարողությունը
Ռուսաստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովը COVID-19 կորոնավիրուսի համավարակի ժամանակ բոլոր մնացած ռուս միլիարդատերերից ամենաշատն է մեծացրել իր կարողությունը, հայտնում է Forbes-ը: Իրական ժամանակում թարմացված վարկանիշում ամսագրի փորձագետները Քերիմովի կարողությունը գնահատում են 18,8 միլիարդ դոլար, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան 2020թ․ գարնանը, հայտնում է РБК-ն:
Ապրիլի սկզբին Forbes-ի հրապարակած միլիարդատերերի տարեկան վարկանիշում, 10 միլիարդ դոլար կապիտալ ունեցող Քերիմովը ռուսաստանցիների շարքում զբաղեցնում էր 13-րդ տեղը եւ աշխարհի ամենահարուստ գործարարների շարքում`135-րդ տեղը: Այսպիսով ավելի քան երեք ամսում նրա կարողությունն աճել է 8,8 միլիարդ դոլարով, ինչը նրան թույլ է տվել բարձրանալ մինչեւ 7-րդ հորիզոնական՝ ամենահարուստ ռուսաստանցիների ցանկում: Forbes-ի տվյալներով՝ Քերիմովը 12 տարվա ընթացքում առաջին անգամ մտել է ռուս հարուստների առաջին տասնյակ. 2008-ին նա այնտեղ զբաղեցնում էր 8-րդ տեղը:
Ապրիլ ամսից, երբ հրապարակվել է Forbes-ի վարկանիշը, Քերիմովի հարստությունն աճել է ավելի արագ, քան ցանկացած այլ ռուս միլիարդատիրոջը: Այսպես, օրինակ, Վլադիմիր Պոտանինը իր կապիտալն ավելացրել է «միայն» 2,5 միլիարդ դոլարով, իսկ Վլադիմիր Լիսինը` 3,3 միլիարդ դոլարով: Միլիարդատերերի ցուցակի ռուսական մասի մնացած առաջնորդների կարողությունը, ըստ Forbes-ի, հետեւյալ կերպ է փոխվել՝
Լեոնիդ Միխելսոն - + 5,2 միլիարդ դոլար
Գենադի Տիմչենկո - + 4,8 միլիարդ դոլար
Վագիտ Ալեկպերով - + 4,3 միլիարդ դոլար
Ալեքսեյ Մորդաշով - + 2,3 միլիարդ դոլար
Անդրեյ Մելնիչենկո - + 2,1 միլիարդ դոլար
Ալիշեր Ուսմանով - + 2 միլիարդ դոլար
Միխայիլ Ֆրեդման `+ 1,7 միլիարդ դոլար
Վիկտոր Վեկսելբերգ ՝ + 1 միլիարդ դոլար
Ռոման Աբրամովիչ - + 0,8 միլիարդ դոլար
Միխայիլ Պրոխորով `+ 0,2 միլիարդ դոլար
Քերիմովի հարստության կտրուկ աճի պատճառ Forbes-ը համարում է ոսկի արդյունահանող «Պոլուս» ընկերության բաժնետոմսերի գների բարձրացումը, որտեղ Քերիմովի ընտանիքը վերահսկում է 78,6%-ը:
Սակայն Bloomberg-ի փորձագետները, որոնք միլիարդատերերի ունեցվածքը գնահատելու համար այլ մեթոդ են օգտագործում, հուլիսի 15-ի դրությամբ Քերիմովի կապիտալը գնահատել են ընդամենը 6.02 միլիարդ դոլար: Ըստ նրանց գնահատման, տարեսկզբից Քերիմովի կարողությունն աճել է 951 միլիոն դոլարով: