Բեռլինը մերժում է Վաշինգտոնի արտերկրյա պատժամիջոցները
Գերմանիայի կառավարությունը քննադատության է ենթարկել Ռուսաստանից դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության մասնակիցների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի նոր սպառնալիքները: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի, հուլիսի 16-ին, Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարության կողմից, հայտնում է DW-ն:
Բեռլինը մերժում է Վաշինգտոնի արտերկրյա պատժամիջոցները, քանի որ համարում է, որ դրանք «հակասում են միջազգային իրավունքին»: «Սա դաշնային կառավարության հստակ դիրքորոշումն է»,- ասել են նախարարությունից՝ ընդգծելով, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջին հայտարարությունը «ի գիտություն է ընդունվել»:
ԱՄՆ պետքարտուղարը հուլիսի 15-ին նախազգուշացրել էր, որ «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարական նախագծի մասնակիցները կենթարկվեն «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» CAATSA 2017թ․օրենքի դրույթնեերին: «Սա հստակ նախազգուշացում է ձեռնարկություններին՝ դուրս գալ նախագիծից կամ տհաճ հետեւանքների վտանգի ենթարկվել»,- ասել է Պոմպեոն:
Պետքարտուղարը հստակեցրել է, որ լրացուցիչ պատժամիջոցները կարող են ազդել ոչ միայն «Հյուսիսային հոսք 2», այլեւ «Թուրքական հոսք» նախագծի մի մասի վրա: ԱՄՆ-ը նախկինում նույնպես պատժամիջոցների միջոցով փորձել է խաթարել «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի շինարարությունը: Այդ պատճառով նոր գազատարի շինարարությունը ստիպված էին դադարեցնել:
Միաժամանակ, Ռուսաստանը քննադատել է Վաշինգտոնի սպառնալիքը`այն անվանելով «քաղաքական ճնշման եւ անբարեխիղճ մրցակցության օրինակ»։