Մայոր Գարուշ Համբարձումյանի դին հողին հանձնեցին. Հետմահու շնորհված մեդալը հանձնեցին հորը
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ հուլիսի 16–ին հողին հանձնեցին հուլիսի 14–ին հակառակորդի կրակոցից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի դին։
Մայորին հետմահու շնորհված՝ Հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալը հուղարկավորության ժամանակ հանձնեցին մայորի հորը։
Նշենք, որ հուղարկավորությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ինչպես նաեւ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ եւ պատգամավորներ։
Գարուշ Համբարձումյանը Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքում էր ապրում, ուներ երկու որդի։ Նրա եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է։
Նշենք, որ 2016 թվականին ՊՆ-ն Գարուշ Համբարձումյանին ներկայացրել էր ԶՈւ լավագույն սպաները եւ հրամանատարները շարքում, այն ժամանակ նա դեռ կապիտանի կոչում ուներ։
Կապիտան Գարուշ Համբարձումյանը ավարտել էր ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել էր սակրավորի մասնագիտություն եւ լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:
Գարուշ Համբարձումյանը անձնակազմի նկատմամբ խստապահանջ էր, օժտված կազմակերպչական ունակութուններով: Սիրելով իր մասնագիտությունը, նա ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք էր բերել բավարար գիտելիքների պաշար հավուր պատշաճի իրականացնելու իր ծառայողական պարտականությունները:
Բազմիցս խրախուսվել էր հրամանատարության կողմից։