Զզվել ենք այս անիմաստ բանակցություններից. Իլհամ Ալիև
Ադրբեջանի ժողովրդին ձանձրացրել են այս անիմաստ բանակցությունները: Այս օրիգինալ, նախկինում բազմիցս հնչեցրած միտքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին կրկնել է կառավարության նիստի ժամանակ:
«Ուստի նրանք, ովքեր զբաղվում են այս հարցով եւ այս օրերին առաջ են քաշում իրենց միջնորդական առաջարկները, թող մտածեն այն մասին, որ Ադրբեջանի ժողովրդի համբերությունն անսահման չէ»,- հայտարարել է Ալիեւը՝ առաջին հերթին նկատի ունենալով Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Մոսկվան առաջինն է հայտարարել լարվածության նվազեցմանը նպաստելու պատրաստակամության մասին:
Հանդիմանությունն ուղղված է նաեւ ԵԱՀԿ ՄԽ մյուս երկու միջնորդներին՝ Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին: Ադրբեջանի այս ագրեսիայի սկզբից ի վեր համանախագահները հանդես են եկել 2 հայտարարությամբ՝ կոչ անելով պահպանել հրադադարի ռեժիմը: Ի պատասխան՝ Ալիեւը հայտարարել էր «բանակցությունների անիմաստության» մասին: