Ռուսասատանը երբեք չի ասել, որ մենք չենք կարող հարաբերություններ զարգացնել Եվրամիության հետ. Հովիկ Աբրահամյան
«Ես զարմանում եմ, որ դուք մտածում եք, թե Հանրապետության նախագահը մի քայլ կանի, որը չի բխի իշխանության շահերից»,- ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելու ընթացքում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Մաքսային միության ու ճնշումների վերաբերյալ ԱԺ նախագահն ասաց, որ ինքը որևէ ճնշման ներկա չի եղել, և որևէ մեկը չի կարող Հայաստանին ստիպել, որ անդամակցի Մաքսային միությանը. «Ռուսասատանը երբեք չի ասել, որ մենք չենք կարող հարաբերություններ զարգացնել Եվրամիության հետ: Մենք անկախ երկիր ենք, իշխանություն, որը որոշում է իր արտաքին քաղաքականությունը»:
Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես ուզում եմ արձանագրեք, որ յուրաքանչյուր պայմանագիր պետք է լինի մեր պետության շահերից»:
Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ Հայաստանը ցանկություն ունի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու, իսկ այն դիտարկմանը, թե Եվրոպայից այլ արձագանքներ են գալիս, մասնավորապես Շտեֆան Ֆյուլեի պատասխանը, ԱԺ նախագահը պատասխանեց, որ եթե ինքը չի ուզում, դա իր գործն է, իսկ եթե հակասություններ լինեն, մեր կողմը պատրաստ է քննարկելու:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ եթե Մաքսային միության պայմանագիրը նպատակահարմար չլինի մեզ համար, ապա այն չի ստորագրվի. «Մենք գերի չենք, եթե լավ փաստաթուղթ չեղավ, մենք չենք ստորագրի, դա նախնական փաստաթուղթ է, նորից եմ ասում, կարող է լինի փաստաթուղթն ու Ազգային ժողովը չքվեարկի»:
Այն հարցին, թե ճի՞շտ է, որ բանակցությունների սեղանին դրված էր ԼՂՀ ճանաչման հարցը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Դա իրականությանը չի համապատասխանում»: