ԵՄ-ն Սերբիան և Չեռնոգորիան բացառել է մուտքի համար անվտանգ երկրների ցանկից
ԵՄ ղեկավարությունը թարմացրել է անվտանգ երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել միության տարածք կորոնավիրուսային համավարակի պայմաններում, դրանից բացառելով Սերբիան և Չեռնոգորիան: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ դիվանագիտական աղբյուրին հղումով:
«ԵՄ երկրները համաձայնության են եկել համաճարակաբանական իրավիճակի վատթարացման հետ կապված Սերբիային և Չեռնոգորիային ցանկից բացառելու հարցում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Այս որոշման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի մինչև օրվա վերջ, նշել է աղբյուրը:
Հուլիսի 1-ից Եվրամիությունը սահմանները բացել էր 15 պետությունների բնակիչների համար, դրանք են՝ Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Չեռնոգորիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 13 միլիոնը, մահացել է ավելի քան 575 հազար մարդ: