Հայաստանում որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել
Հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել: Այս մասին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել և ես վստահ եմ՝ տեղի չի ունենա, մեր ժողովուրդն ամուր կանգնած է իր դիրքերում»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա նաև նշել է՝ երբ ասվում է, որ հակառակորդը թիրախավորվել է առնվազն 5 բնակավայր, և բարեբախտաբար չկան տուժածներ՝ խաղաղ բնակչության շրջանում, սա առաջին հերթին խոսում է այն մասին, որ ՏԻՄ-երը իրենց աշխատանքը կատարում են, բնակչությունը, այսպես ասած, վարժված է այս իրավիճակին: Նա վստահեցրել է, որ խուճապ չի եղել և լինել չի կարող: