Ռուսաստանը, համավարակից հետո առաջին անգամ, սահմանը կբացի այլ երկրի հետ
Առաջիկա օրերին Ռուսաստանը սահմանը կբացի Բելառուսի հետ և այդ երկրի հետ կվերականգնի օդային և երկաթուղային հաղորդակցությունը: Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո, հայտնում է «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունը: Բելառուսը կլինի առաջին երկիրը, որի հետ Ռուսաստանը բացում է սահմանները նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո:
Ռուսաստանը արտաքին ցամաքային սահմանների փակման մասին հայտարարել է մարտի վերջերին: Մոսկվայի և Մինսկի միջև շարունակվել են «Բելավիա» ավիափոխադրողի կանոնավոր թռիչքները, բայց դրանք դադարել են հուլիսի սկզբին:
Հուլիսի 10-ին Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հուլիսի 15-ից վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը՝ նշելով, որ դա արվելու է միայն փոխադարձության սկզբունքով: