Թրամփի կարծիքով՝ Եվրամիությունը ստեղծվել է ԱՄՆ-ին շահագործելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Եվրամիությունը ստեղծվել է Միացյալ Նահանգներին իր շահերի համար շահագործելու նպատակով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չմոռանաք համաշխարհային մրցակցության մասին՝ Չինաստանի եւ ամբողջ աշխարհում շատ երկրների հետ: Մենք աներեւակայելի տնտեսական մրցակցության վիճակում ենք, [խոսքը վերաբերում է] նաեւ Եվրոպային, որը երբեք մեզ լավ չի վերաբերվել: ԵՄ-ն ստեղծվել է, որ ԱՄՆ-ին իր շահերի համար օգտագործի: Այն ստեղծվել է, եւ նրանք ԱՄՆ-ից օգտվում են: Ես դա գիտեմ, նրանք գիտեն, որ ես դա գիտեմ, բայց մյուս նախագահները պատկերացում չունեին»,- ասել է նա Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում:
Վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը ԵՄ-ի կողմից որեւէ կոնկրետ գործողության օրինակներ չի բերել, սակայն ավելի ուշ հավելել է, որ ԱՄՆ-ն եվրոպական երկրների հետ «հոյակապ հարաբերություններ» ունի: «Նրանք ուղղակի առեւտրի հարցերում մեզ այնքան էլ լավ չեն վերաբերվում: Նրանք մեր հանդեպ շատ տասնամյակներ անչափ անարդարացի էին: Դա շատ հեշտ է լուծել, եւ ես պատրաստ էի դա լուծել, բայց հետո մեզ հարվածեց համավարակը»,- հավելել է Թրամփը: