Բաքվում բանակի աջակցության հանրահավաքն ավարտվել է ջրցաններով ցուցարարներին ցրելով (Տեսանյութ)
Բաքվում բանակի աջակցության չարտոնված հանրահավաքի մասնակիցները ներխուժել են երկրի խորհրդարանի շենք: Այս մասին հայտնել է «Ինֆետոկա24» Telegram-ալիքը:
Գիշերը մոտ ժամը 4-ին ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք՝ վանկարակելով «Մոբիլիզացիա»:
Ընդ որում՝ ոստիկանության եւ արագ արձագանքման գնդի ահռելի թվով ուժերը, խորհրդարանի անվտանգության աշխատակիցները ցուցարարներին կասեցնելու համար ոչ մի միջոցառում չեն ձեռնարկել: Պարզվել է՝ շենքի դռները բաց էին, հայտնում է Turan-ը:
15-20 րոպե անց շենք են մտել ոստիկանության եւ արագ արձագանքման գնդի ուժերը, որոնք մահակների օգտագործմամբ մարդկանց դուրս են բերել խորհրդարանի շենքից՝ կատարելով ձերբակալություններ: Մի քանի անձինք այս ընթացքում ոստիկանական մեքենա են շրջել: Հրապարակում մնացած մարդկանց ցրելու համար ոստիկանները ջրցաններ են կիրառել: