Երեք ռուս զինվորական է տուժել Սիրիայում շարասյան պայթեցման ժամանակ
Սիրիայում շարասյան ճանապարհին ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթեցման ժամանակ թեթեւ վիրավորվել են երեք ռուս զինծառայողներ, տուժել են նաեւ թուրքական զրահամեքենայի անձնակազմի անդամները, նշված է Սիրիայում թշնամի կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կենտրոնից հայտնել են, որ Սիրիայում Թուրքիայի հետ համատեղ պարեկման ժամանակ ահաբեկիչները պայթեցրել են սուսական պարեկախմբին:
«Երեք ռուս զինծառայողներ թեթեւ վիրավորում են ստացել: Վիրավորներ կան թուրքական զրահամեքենայի անձնակազմի թվում: Բոլոր տուժածներին այդ շրջանից օպերատիվորեն տարհանել են: Ռուս զինվորականներին տեղափոխել են Հմեյմիմ ավիաբազա, որտեղ նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշված է հաղորդագրության մեջ: