Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգ Երևանում. սկիզբ է դրվում 2000+ համերգաշարին
Այսօր կկայանա հանրահռչակ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին: Նշենք, որ այսօր նշվում է Բաստիլի գրավման օրը:
Այս մենահամերգով սկիզբ է դրվում 2000+ համերգաշարին, որի նպատակն է պրոպագանդել 21-րդ դարի համաշխարհային դաշնամուրային երաժշտությունը եւ ներկայացնել մեր օրերի կոմպոզիտորներին հայաստանյան հանդիսատեսին:
Համերգը հեռարձակվելու է առցանց ձեւաչափով՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտից, Երեւանի ժամանակով ժ.21:00: Համերգի ընթացքում հնչելու են ֆրանսիացի վեց ժամանակակիցների ստեղծագործություններ, որոնք բոլորն էլ լինելու են հայաստանյան պրեմիերաներ. Պիեռ Բուլեզ, Բրունո Մանտովանի, Պասկալ Դյուսապեն, Ժակ Լընո, Միշել Կարսկի, Քրիստոֆ Բերտրան:
«Պետք է խոստովանեմ, որ, անկասկած, կարոտել եմ իմ սիրելի հանդիսատեսին, կենդանի համերգներին, բայց ժամանակն ընթանում է, եւ մենք պարտավոր ենք շարժվել՝ ապրելով ու ստեղծագործելով դրան զուգընթաց, այս պարագայում համակերպվելով առցանց համերգների ձեւաչափին: Արդեն հասցրել եմ ունենալ մի քանի վիրտուալ համերգներ՝ առանց հանդիսատեսի եւ ուրախ եմ, կրկին անգամ հանդես գալ այս անգամ արդեն 2000+ խորագիրը կրող նոր նախագծով, որը, հուսանք, շարունակական կլինի եւ կներկայացնի տարբեր ազգերի 21-րդ դարի երաժշտությունը:»,- ասում է Հայկ Մելիքյանը:
Դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանի հետ զրույցում նա մասնավորապես նշեց. “Ուրախ ենք կրկին անգամ համագործակցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ եւ շնորհակալ ենք պարոն դեսպան Ջոնաթան Լաքոթին՝ 2000+ նորահայտ նախաձեռնության հանդեպ նրբանկատ վերաբերմունքի համար եւ, իհարկե, մեծ պատիվ է համերգի հեռարձակումը իրագործել հենց մեր բարեկամ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ:”
Հայկ Մելիքյանի առցանց ձեւաչափով համերգները շարունակվում են՝ առաջիկայիում ներկայացնելով Գուրջիեւ-Հարթմանի երաժշտությունը Գյումրիի Սերգեյ Մերկուրովի թանգարանից, ինչպես նաեւ Armenian National Music-ի կողմից կազմակերպվող երկու համերգ: