Պավել Ֆելգենհաուերը չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությունը
Այնտեղ գործը հասնում է պատերազմի, և դա, հավանաբար, անխուսափելի է: Այս մասին «Ռոսբալտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունը:
Նա նշել է, որ հարցը որեւէ կերպ չի լուծվում, եւ գոյություն չունի ինչ-որ կերպ դա անելու (նույնիսկ տեսական) հեռանկարներ: «Այժմ կա երկու տարբերակ՝ կամ պայքարել, կամ շարունակել «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» ոգով իրավիճակը, այսինքն՝ սառեցված հակամարտությունը: Բայց սառեցված հակամարտությունները, հատկապես, ինչպիսին է այս մեկը, որտեղ մարդիկ շարունակում են սպանվել, որտեղ փոխհրաձգությունները տեղի են ունենում բավականին կանոնավոր, սովորաբար հանգեցնում են պատերազմի: Սա թուրք-հունական դիմակայությունը չէ Կիպրոսում, որտեղ 1973 թվականից ոչ ոք չի կրակել: Սա նույնիսկ ավելի վատ է, քան հակամարտությունը իսրայելա-լիբանանյան սահմանին, քանի որ նրանք հասկանում են, որ եթե ինչ-որ բան պատահի, ոչ մի, ոչ էլ մյուս կողմի համար լավ չի լինի։
Այստեղ, հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես տեսնում ենք, հակամարտող կողմերը այնքան էլ չեն զսպում իրենց: Եվ սա արդեն վերաբերում է ոչ միայն ղարաբաղյան խնդրին՝ այս դեպքում մենք տեսնում ենք, որ հակամարտությունն արդեն ուղղակիորեն գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին: Ընդհանրապես, այստեղ ոչ ոք չի ցանկանում պատերազմել, բայց լարվածությունը պահպանելը, զինվելը այլ հարց է: Երկու կողմերն էլ զբաղվում են դրանով:
Արտաքին աշխարհին, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի, Ամերիկայի, Չինաստանի ղեկավարներին կարծես այժմ Հայաստանը, Ադրբեջանի հետ միասին, չի հետաքրքրում: Ստացվում է, որ այս երկու երկրները եփվում են իրենց հյութի մեջ, չկան (միջազգային) դիտորդներ, չկան ապառազմականացված գոտիներ, եւ սպառազինության սահմանափակում նույնպես չկա: Այսինքն սա շատ անկայուն հրադադար է: Լինում են հրադադարներ, որոնք տեւում են տասնամյակներ, ինչպես նույն Կիպրոսում կամ Կորեայում, բայց սա այլ դեպք է: Երկու կողմերն էլ պատրաստվում են պատերազմի, այնպես որ վաղ թե ուշ դա, իհարկե, տեղի կունենա:
Հենց այնպիսի բախումներից, որ տեղի են ունեցել հուլիսի 12-ին եւ 13-ին, կարող է սկսվել անվերահսկելի էսկալացիա: Պատերազմի սպառնալիքը այստեղ մշտապես առկա է, եւ դրա նոր լուրջ բռնկումը գրեթե անխուսափելի է: Եթե ոչինչ չարվի, դա, անշուշտ, պայթելու է: Եվ երբ դրան միանան Մոսկվան, Վաշինգտոնը, Անկարան, Թեհրանը, կարող է պարզվել, որ շատ ուշ է․․․»։
Պատասխանելով այն հարցին, թե որքանով են մեծ տերություններից բացի, տարածաշրջանային խաղացողները այս կամ այն աստիճան ներգրավված այս հակամարտության մեջ, փորձագետը նշել է, որ «այստեղ ներկա է նաեւ Թուրքիան, որը այժմ, ի դեպ, հսկայական խնդիրներ ունի»: «Բացի այդ, Իրանն է եւ Իսրայելը: Վերջինս ակտիվորեն կապված է Ադրբեջանի հետ: Իսրայելն ընդհանրապես լուրջ ռազմական ներկայություն ունի այս երկրում: Այնտեղ նրա կապալառուներն են՝ մասնագետներ, որոնք վարժեցնում են ադրբեջանական զինված ուժերին: Այս երկիրը գտնվում է Իրանի հյուսիսում, ուստի իսրայելցիների համար կարեւոր է իրենց ներկայությունն ունենալ Ադրբեջանում:
Միաժամանակ, տարածաշրջանում Հայաստանի հիմնական դաշնակիցը Իրանն է, ինչը լարվածություն է ստեղծում Երեւանի եւ Արեւմուտքի միջեւ, չնայած Հայաստանի ներկա ղեկավարները ավելի շատ նայում են դեպի Արեւմուտք: Այնուամենայնիվ, Իրանն այսօր Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է: Նրանք ունեն ընդհանուր սահման, որի միջով շատ ակտիվ առեւտուր է ընթանում: Միաժամանակ, Իրանում շատ մեծ եւ ազդեցիկ հայկական սփյուռք կա: Հայաստանը կարող է առեւտուր իրականացնել նաեւ Ռուսաստանի հետ, բայց դա Վրաստանի միջոցով է եւ բավականին անհարմար է: Թեհրանի համար, որն այժմ գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ներքո, կարեւոր է նաեւ առեւտուրը Հայաստանի հետ: Ինչ վերաբերում է Թուրքիային, ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին, ապա, ինչպես ասացի, այժմ նրանց չի հետաքրքրում Հայաստանը, Ադրբեջանի հետ միասին»:
Խոսելով կողմերի ռազմական զինանոցի մասին՝ Ֆելգենհաուերն ասել է, որ Ադրբեջանում գլխավոր գործոնը իսրայելական է: «Իսրայելը իսկապես լավ զինել է Բաքվին, ընդ որում՝ ավելի ժամանակակից զենքով, քան կարող է տրամադրել Ռուսաստանը: Կարելի է ասել, որ ադրբեջանական զինված ուժերը որակապես գերազանցում են նույնիսկ ռուսականին: Օրինակ՝ ժամանակակից անօդաչու սարքերով: Ի դեպ, Իսրայելը իր անօդաչուները մեզ չվաճառեց, որովհետեւ Պենտագոնը դա թույլ չտվեց, իսկ Ադրբեջանին վաճառեց:
2016 թվականի քառօրյա պատերազմի ընթացքում դրսեւորվեց ադրբեջանական զինված ուժերի որակական գերակայությունը հայերի նկատմամբ: Ադրբեջանցիները, բացի իսրայելական անօդաչու թռչող սարքերից, այն ժամանակ կիրառեցին «Բուրատինո» համակարգերը ռուսական ծանր կրականետային համակարգերը հայկական դիրքերի հանդեպ: Հայերի համար դա ցնցում էր, այն ժամանակ նրանք բավական լուրջ կորուստներ ունեցան:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն ունի խորհրդային ոճի բանակ: Ծանր զենքեր՝ տանկ, հրետանի, համազարկային համակարգեր, բալիստիկ հրթիռներ նրանք շատ ունեն, եւ դրանք են նախընտրում: Ռուսաստանի Դաշնությունը նրանց մատակարարել է նաեւ «Իսկանդեր»-ներ եւ նույն կրականետերը: Սկզբունքորեն, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը լավ պատրաստված խորհրդային տիպի բանակներ են՝ XX դարի 80-ականների մակարդակի:
Ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում խորհրդային ՀՕՊ համակարգերն են: Բայց, կրկնում եմ, միայն Բաքուն ունի ավելի որակյալ եւ ժամանակակից զենքեր, որոնք մատակարարվում են Իսրայելից: Մի մոռացեք, որ իսրայելցիները արդիականացրել են ադրբեջանական T-72 տանկերը, որոնք այժմ այնտեղ ռուսական T-90-ի մակարդակի են։ Բացի այդ, Ադրբեջանը ժամանակակից զենք է գնում Թուրքիայից, որն ունի իր բավականին զարգացած պաշտպանական արդյունաբերություն:
Հայաստանը քիչ փող ունի, եւ միայն Ռուսաստանից կարող է ինչ-որ բան գնել, եւ միայն այն, ինչ նրան կվաճառեն կամ կնվիրեն: Իրանից էլ հայերը զենք չեն գնում, որովհետեւ հասկանում են, որ կարող են հայտնվել ամերիկյան սեւ ցուցակներում:
Այնպես որ, հաշտեցման առումով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակը իսկապես անհեռանկարային է թվում, եւ մեծ հավանականություն կա, որ ներկա հակամարտությունը կարող է վերաճել ավելի մեծ պատերազմի: Միաժամանակ, չեմ կարծում, որ դա կլինի պատերազմ մինչեւ հաղթական ավարտը: Ո՛չ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ո՛չ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեն ցանկանում լրջորեն ռիսկի դիմել: Սակայն բավական լուրջ մակարդակի էսկալացիա հնարավոր է»: