Ադրբեջանում վիրավորների խնդիր կա, ենթադրում եմ՝ մի մասն արդեն զոհվել էին, բայց ներկայացրել են՝ վիրավոր. Մեդիափորձագետ
Ադրբեջանական կողմն ընդունում է, որ որ չորրորդ զոհն ունի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Այնտեղ վիրավորների խնդիր կա, ես ենթադրում եմ, որ մի մասն արդեն իսկ զոհվել էին, իրենց ներկայացրել են որպես վիրավոր, որպեսզի հետո ժամանակի մեջ ներկայացնեն։ Փորձը ցույց է տալիս, որ այնտեղ կան մարդիկ, որոնք հավատում են պաշտոնական տեղեկատվությանը, կամ գերադասում են շատ չարտահայտվել։ Չնայած հանդիպում ենք գրառումների, որոնք խոսում են այն մասին, որ իրենք ունենք մեծ կորուստներ, բայց գլոբալ առումով այնտեղ ժողովուրդը հավատում է այլընտրանքային պատմությանը, որն իրենց ներկայացվում է պաշտոնական տվյալներով, թե հայերը դիրքեր է որ կորցնում են»,- ասաց նա։
Հարցին՝ հայկական կողմն ինչպե՞ս պետք է արձագանքի այդ տեղեկություններին եւ արդյոք հայկական կողմը համարժե՞ք արձագանքում է մեդիադաշտում, Սամվել Մարտիրոսյանն ասաց, «Մենք պիտի անենք այն, ինչը միշտ անում ենք։ Այսինքն՝ պետք է լինի ստուգված, հստակ տեղեկատվություն։ Մեր ներքին ուժեղ կողմն այն է, որ արդեն տարիներ շարունակ բոլորը գիտեն, որ ռազմական կորուստների մասին ոչինչ չի թաքցնում։ Այդ տեսանկյունից մենք ունենք բավականին վստահելի հիմքեր հասարակության մեջ»։
Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ հիմա ադրբեջանցիները կոտրած հայկական պրոֆիլներով մտնում ու իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններ են գրում. «Գրում են, թե իբր ինձ գրեցին՝ մեծ կորուստներ ունենք։ Լավն այն է, որ մարդիկ սկսել են ավելի անլուրջ վերաբերվել։ Վատն այն է, որ դա արվում է կոտրած հայկական պրոֆիլներից։ Այսինքն՝ արտաքինից չես հասկանա, որ դա կեղծ պրոֆիլ է, քանի որ գրագետ հայերենով է գրվում»։