Սպիտակ տունը մեծացնում է ճնշումն ԱՄՆ-ում վարակիչ հիվանդությունների գլխավոր փորձագետ, բժիշկ Էնթոնի Ֆաուչիի վրա
Սպիտակ տունը մեծացնում է ճնշումն ԱՄՆ-ում վարակիչ հիվանդությունների գլխավոր փորձագետ, բժիշկ Էնթոնի Ֆաուչիի վրա: ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչն անանունության պայմանով CNN-ին հայտնել է, որ «Սպիտակ տան մի քանի պաշտոնյա անհանգստացած է, որ դոկտոր Ֆաուչին շատ անգամ սխալվել է ակնհայտ հարցերում»: Նա օրինակների երկար ցուցակ է ներկայացրել՝ վկայակոչելով Ֆաուչիի մեկնաբանությունները համավարակի մեկնարկի ժամանակ և նրա հարցազրույցների հղումները, փոխանցում է RG-ն:
Այս օրինակները, որոնք, ըստ հեռուստաալիքի փորձագետների, հիշեցնում են ընդդիմության մեղադրանքները քաղաքական հակառակորդի դեմ, պարունակում էին բժշկի հայտարարությունները որոնք նվազեցնում են համավարակի վտանգը դրա վաղ փուլերում, և մեջբերում նրա՝ մարտին արված հայտարարությունից, երբ Ֆաուչին ասել է. «Մարդիկ չպետք է դիմակներով քայլեն»:
Ըստ աղբյուրի՝ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆաուչին չեն խոսում միմյանց հետ և դադարել են շփվել մի քանի շաբաթ առաջ: Նրանց միջև լարվածությունը ծագել էր այն ժամանակ, երբ նրանք միմյանց մեղադրեցին համավարակին համարժեք պատասխան չտալու մեջ։
Վերջերս հրապարակված թերթային և աուդիովիզուալ հարցազրույցների շարքում Ֆաուչին, ով աշխատել է ԱՄՆ վեց նախագահների ղեկավարությամբ, իրեն թույլ էր տվել բացահայտորեն դեմ արտահայտվել Թրամփին: Մասնավորապես, նա կտրուկ արձագանքել էր նախագահի հայտարարությանն այն մասին, որ «ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի 99 տոկոսը լիովին անվնաս է»:
Այնուհետև Թրամփը սկսեց հրապարակայնորեն քննադատել Ֆաուչիին ազգային հեռուստատեսությամբ իր ելույթներում: «Դոկտոր Ֆաուչին լավ մարդ է, բայց նա շատ սխալներ է թույլ տվել»,- ասել էր Թրամփն անցած շաբաթ: Ընդ որում, վերլուծաբանների կարծիքով, Թրամփին քաջ հայտնի է, որ հարցումներում ամերիկացիները Ֆաուչիին ավելի շատ են վստահում, քան իրեն: Վերջին հարցազրույցներում Սպիտակ տան ղեկավարը բացահայտորեն կասկածի տակ առավ համավարակի բռնկման սկզբում Ֆաուչիից ստացված առաջարկությունները:
Սպիտակ տան շատ բարձրաստիճան պաշտոնյաներ համաձայն են Թրամփի հետ: Վարչակազմի այլ պաշտոնյաներ CNN- ին ասել են, որ, չնայած իրենք տարաձայնություններ ունեն Ֆաուչիի մեթոդների հետ, չեն կասկածում նրա ազնվությանը՝ նշելով, որ նրա միակ մտահոգությունը հանրային առողջությունն է:
Կալիֆորնիացի դեմոկրատ, Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի ներկայացուցիչ, Թրամփի ամենախիստ քննադատներից մեկը՝ Ադամ Շիֆը, կիրակի երեկոյան հայտարարել էր, որ Սպիտակ տան կողմից Ֆաուչիին երկրորդ պլան մղելու կամ վարկաբեկելու ցանկացած փորձ «պարզապես սարսափելի է»: Ըստ նրա՝ այդպիսի քայլն «այնքան բնորոշ է Դոնալդ Թրամփին, որ նա կարող է հեշտությամբ հեռացնել աշխատանքից բժշկին»: «Նախագահը կրկին միջամտում է»,- եզրափակել էր Շիֆը:
Քեթլեն Սիբելիուսը, ով նախկին նախագահ Բարաք Օբամայի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության ապարատի ղեկավարն էր, ասել է, որ Ֆաուչիին և այլ գիտնականներին վարկաբեկելու փորձերը «պոտենցիալ շատ, շատ վտանգավոր են» այն պահին, երբ ԱՄՆ-ն և այլ երկրներ աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ։