Ադրբեջանը նպատակ է դրել լարվածության տակ պահել Տավուշի ուղղությունը. փորձագետ
Ադրբեջանական կողմը իր առջև խնդիր է դրել ժամանակ առ ժամանակ շփման գծի որևէ հատված լարվածության մեջ պահել և այսօրվա սադրանքը դրա հերթական դրսևորումն էր։ Նման դիտարկում NEWS.am–ի հետ զրույցում արեց «Հենակետ» վերլուծական կետրոն փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ անդրադառնալով Տավուշի ուղղությամբ, հրետանու կիրառմամբ, մարտական դիրք գրավելու ադրբեջանական ստորաբաժանումների փորձին։
Փորձագետը հիշեցրեց, որ հակառակորդը որոշ ժամանակ առաջ էլ լարվածության տակ էր պահում նախիջևանյան թևը, սակայն նրա բնորոշմամբ՝ ադրբեջանական կողմի հարվածի գլխավոր ուղղությունը Արցախյան թևն է, այսինքն այս միջադեպը պետք է դիտարկել նաև հակառակորդի կողմից մանևրելու փորձի տեսնակյունից։
«Ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարում են, թե իբր իրենց ստորաբաժանումները բարեհաջող օպերացիա են իրականացրել և որևէ տարածքային կորուստ չունեն, մինչդեռ իրենց պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ տվել են երկու զոհ և հինգ վիրավոր։ Կարծում եմ, իրենց զոհերի թիվն ավելի շատ է, սակայն առայժմ նման հայտարարություններով փորձում են քողարկել իրենց կորուստները։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Տավուշի հետ սահմանին ծառայություն են իրականացնում Ադրբեջանի սահմանապահ զորքերը, որոնք թե' տեխնիկապես, և թե’ մարտական պատրաստվածության աստիճանով զիջում են բանակի ստորաբաժանումներին»,–ասաց նա։
Մանգասարյանի կարծիքով՝ սահմանային լարվածության սրումը հնարավոր է պայմանավորված լինի ադրբեջանական բանակում կորոնավիրուսի համավարակի դեպքերի ցուցանիշով։
«Ադրբեջանական սոցցանցերը ողողված են բանակում վարակվածների թվի աճի վերաբերյալ տեղեկություններով, որոնք պաշտոնապես թաքցվում են։ Այս հանգամանքն էլ որոշ չափով կարող է իր ազդեցությունն ունենա՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը շեղել բանակում համավարակի տարածման իրական պատկերից»։