Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 2 սպանվածի ու 5 վիրավորի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ Թովուզի ուղղությամբ ադրբեջանական բանակը «հայկական կողմի կրակից» երկու կորուստ և հինգ վիրավոր ունի։
Նույն հաղորդագրությամբ ադրբեջանական կողմը պնդում է, թե «հայկական կողմը ևս կորուստներ ունի», սակայն, ՀՀ Պն-ն ավելի վաղ հերքել էր, որ հայկական կողմից կորուստներ կան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13: 45-ին ադրբեջանցի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: