Աշխարհում COVID-19-ի առաջին պատվաստանյութի փորձարկումներն ավարտվեցին Ռուսաստանում
Ռուսաստանում հաջողությամբ ավարտվել են աշխարհում կորոնավիրուսային առաջին պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, գիտնականները հաստատել են դրա՝ մարդու համար անվտանգ լինելը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն մեջբերելով Սեչենովսկի «Տրանսլյացիոն բժշկության և բիոտեխնոլոգիայի ինստիտուտի» տնօրեն Վադիմ Տարասովի խոսքերը:
«Սեչենովսկի համալսարանը հաջողությամբ ավարտել է աշխարհում առաջին պատվաստանյութի թեստերը, որոնք փորձարկվել են կամավորների վրա», – հայտարարեց Տարասովը:
Ըստ նրա՝ կամավորների առաջին խումբը, որոնք պատվաստվել են, հուլիսի 20-ից դուրս կգան հսկողությունից:
«Մակաբուծաբանության, արևադարձային և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Լուկաշևն իր հերթին ասաց, որ պատվաստանյութի անվտանգությունը լիովին հաստատվել է, և որ կամավորները ոչ մի առողջական խնդիր չեն ունեցել:
«Հաստատվեց պատվաստանյութի անվտանգությունը: Դա համապատասխանում է շուկայում առկա պատվաստանյութերի անվտանգությանը», – ասաց Լուկաշևը:
Հունիսի 18-ին Սեչենովսկի համալսարանում սկսվեցին COVID-19- ի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որը մշակվել է Ն.Ֆ. Գամալեյի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում: