Գվարդիոլա․ Մենք խաղադաշտում նվաճեցինք ՉԼ-ի ուղեգիրը, հույս ունեմ` մեզ թույլ կտան խաղալ
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հույս է հայտնել, որ Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանը հուլիսի 13-ին հրապարակելիք որոշմամբ թույլ կտա իր ղեկավարած թիմին հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում «Բրայթոնին» 5։0 հաշվով հաղթելու շնորհիվ 72 միավորով ապահովել է երկրորդ տեղն ու Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիրը։
Ֆինանսական «արդար խաղի» կանոնները խախտելու համար «Մանչեսթեր Սիթին» երկու տարով զրկվել է եվրագավաթային մրցաշարերի մասնակցելու իրավունքից։
«Գոհ ենք արդյունքից եւ մեր խաղամակարդակից։ Հիմա մենք պատրաստ ենք անցկացնել Պրեմյեր լիգայի եւ Չեմպիոնների լիգայի վերջին հանդիպումները։
Մենք նվաճեցինք Չեմպիոնների լիգայի ուղեգիրը եւ կատարեցինք մեր ակումբի համար նվազագույն պայմանը։ Այս ֆուտբոլիստներն արդեն 6-7 տարի հասնում են այդպիսի արդյունքի։
Մենք խաղադաշտում ենք նվաճել ուղեգիրը եւ հույս ունեմ, որ երկուշաբթի մեզ թույլ կտան հաջորդ մրցաշրջանում էլ խաղալ Չեմպիոնների լիգայում։ Տղաներն արժանի են դրան»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
«Մանչեսթեր Սիթին» չի ընդունում ՈւԵՖԱ-ի մեղադրանքն ու որակազրկումը եւ բողոքարկել է Մարզական վճռաբեկ դատարանում։