Արթուր Ասլանյան․ Հայաստանի հավաքականից հեռացա, քանի որ ես հաղթում էի, բայց իմ փոխարեն ուրիշն էր գնում խոշոր մրցաշարերի (Լուսանկարներ)
Հայաստանի հավաքականից հեռացա, քանի որ ես հաղթում էի, բայց իմ փոխարեն ուրիշն էր գնում խոշոր մրցաշարերի. ով գումար ուներ, նա էր ընդգրկվում Եվրոպայի, աշխարհի առաջնությունների կազմ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց կարատեի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի 7-ակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Արթուր Ասլանյանը:
Այս բոլոր հաղթանակները կարատեիստը նվաճել է Հայաստանի հավաքականի կազմում: 2017 թվականին հեռացել է ազգային հավաքականից, տեղափոխվել ԱՄՆ: Այժմ մարզական կարիերան շարունակում է այնտեղ, բայց հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:
ԱՄՆ տեղափոխվելուց հետո Ասլանյանը մասնակցել եւ հաղթել է միջազգային տարբեր մրցաշարերի. Ozawa Cup՝ 3-րդ տեղ (2017թ), Irvine Open` չեմպիոն (2017), 50th Annual Championship JKR` չեմպիոն (2017), Los Angeles Open` չեմպիոն (2018), California Open` չեմպիոն (2018), Punok Open՝ չեմպիոն (2019), Hayashi Cup՝ չեմպիոն (2019), Ozawa Cup՝ երկու ոճերում բացարձակ չեմպիոն (2019):
32-ամյա կարատեիստը 2017 եւ 2019 թվականներին ընգրկվել է ԱՄՆ-ի լավագույն ամերկահայ մարզիկների տասնյակում, իսկ 2018-ին ճանաչվել լավագույն մարզիչ:
Արթուր, քանի՞ տարեկանից ես սկսել զբաղվել կարատեով եւ ի՞նչ հաղթանակներ ես գրանցել Հայաստանի հավաքականի կազմում:
Կարատեով սկսել եմ զբաղվել 7 տարեկանից Եղեգնաձորում: Հետո ընտանիքով տեղափոխվեցինք Երեւան, եւ ես իմ լավ արդյունքներով 16 տարեկանում ընդգրկվեցի երիտասարդների Հայաստանի հավաքական: Երկար տարիներ մարզվեցի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Մուրադյանի մոտ:
2006-ից համալրեցի մեծահասակների հավաքականը: Առաջին փորձս Եվրոպայի առաջնությունում անհաջող ստացվեց եւ դրանից հետո տեւական դադար ունեցա մարզական կարիերայումս: 2008 թվականին ծնկի վնասվածք ունեցա, ապա բանակ գնացի: Մրազումներս վերսկսեցի 2010-ից: Հաջողություններս սպորտում սկսեցին 2013-ից: Այդ տարի Իտալիայում դարձա աշխարհի չեմպիոն գոջուրյու մրցաձեւից, 2016-ին՝ Եվրոպայի փոխչեմպիոն՝ շոտոկան մրցաձեւից: 2017-ին թողեցի ամեն ինչ եւ տեղափոխվեցի ԱՄՆ:
Ինչո՞ւ:
Ես պարբերաբար Հայաստանի առաջնություններում եմ հաղթել, միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցել, ինչը նշանակում է, որ խոշոր մրցաշարերում հենց ես պետք է ներկայացնեի իմ երկիրը, քանի որ իմ քաշային կարգում առաջին համարն էի: ԱՄՆ տեղափոխվելու, հավաքականից դուրս գալու խնդիրը գումարային էր: Ես հաղթում էի Հայաստանի առաջնությունում, բայց ով գումար ուներ, նա էր իմ փոխարեն գնում մրցաշարերի: Երկրորդ, երրորդ համարներն էին երկիրը ներկայացնում կարեւոր մրցաշարերում: Խնդիրն այն էր, որ մարզիկին լավ չէին նայում: Որոշեցի՝ ուժերս փորձեմ ԱՄՆ-ում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: