Մեքսիկացիները Zara-ին մեղադրել են մշակութային յուրացման մեջ
Բազմագույն զոլավոր պայուսակների պատճառով Zara-ին մեղադրել են մշակութային յուրացման մեջ, հայտնում է WWD-ն։ Twitter-ի օգտատերերրը նշում են, որ նման պայուսակներով մեքսիկացիները մթերք գնելու են գնում։ Zara-ն ոչ միայն յուրացրել է դիզայնը, այլեւ բարձր գին սայմանել (694 պեսո)։ Մեքսիկայում գնումների համար պայուսակներն արժեն մոտ 40 պեսո։ «Դուք հասկանո՞ւմ եք, որ սա մեքսիկացի հարյուրավոր վարպետների աշխատանքի կրկնօրինակում է։ Իսկ ինչ վերաբերում է գնին. նրանք պետք է ամաչեն, որ իրենց ապրանքը հարյուր անգամ թանկ արժե»,- գրել են Twitter-ում։
Նմանատիպ սկանդալներ առաջացել են նաեւ նախկինում. այդ պատճառով էլ Մեքսիկայի ղեկավարությունն ընդունել է «Երկրի մշակութային առանձնահատուկության պաշտպանության մասին» օրենքը։ Օրենսդրությունը խոշոր տուգանքներ եւ նույնիսկ ազատազրկում է նախատեսում ապրանքանիշերի ղեկավարների համար, որոնք մեղավոր են ճանաչվում մշակութային յուրացման մեջ։
Ամեն դեպքում, մեքսիկական նորաձեւության ոլորտի փորձագետները հայտարարել են, որ պայուսակը ոչ մի հղում չունի մեքսիկական մշակույթին։ Դենիել Հերանցը (նա Մեքսիկայում ղեկավարում է դիզայներական նոր պլատֆորմը, իսկ վերջերս դարձել է Hecha en Mexico («Պատրաստված է Մեքսիկայում») անունով գրքի համահեղինակը) եւս մեղադրանքները անհիմն է համարել։ «Սա մշակութային յուրացում չէ։ Այս պայուսակը ոչ մի տեղ գրանցված չէ, մեքսիկական կառավարությունն այն չի պաշտպանում։ Սա հայտնի պայուսակ է, որը կարող էր հայտնվել Լատինական Ամերիկայի ցանկացած հատվածում»,- ասել է Դենիել Հերանցը։ Ընդ որում, WWD-ի հաղորդմամբ՝ Zara-ն պայուսակն արդեն իսկ հանել է վաճառքից։