Պետդեպը մասնագետի կվարձի Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում օգնելու համար
ԱՄՆ Պետդեպարտամենտը մասնագետի կվարձի Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում օգնելու համար, հաղորդում է RT-ը՝ հղում անելով Պետդեպին: Մասնագետը կհամագործակցի ՀՀ արդարադատության նախարարության հետ եւ կնպաստի բարեփոխումների խթանմանը:
«Խորհրդատուն կաջակցի Հայաստանի կառավարությանը հակակոռուպցիոն նոր մարմիններ ստեղծելու եւ դրանց արդյունավետությունը բարձրացնելու գործում: Այդ հաստատությունները կուսումնասիրեն կոռուպցիայի դեպքերը եւ պատասխանատվության կենթարկեն կոռուպցիոներներին»,-ասված է փաստաթղթում:
Բացի այդ, մասնագետը պետք է խորհրդատվություն տրամադրի Հայաստանի իշխանություններին՝ իրավապահ համակարգում բարեփոխումների մշակման եւ իրագործման հարցում:
«Նախապատրաստել, ուսուցանել, ինչպես նաեւ այլ տեխնիկական աջակցություն տրամադրել Արդարադատության նախարարությանը, Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեին, երբ այն ստեղծվի, եւ քրեական արդարադատության այլ ինստիտուտներին՝ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, միեւնույն ժամանակ առաջնահերթություն տալով կոռուպցիայի դեմ պայքարին բարձր մակարդակում»,-հայտնել են Պետդեպում:
Խորհրդականը կզբաղվի նաեւ ուսուցողական ուղեւորությունների կազմակերպմամբ, Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող ծրագրերի կառավարմամբ եւ քննիչների համար թրենինգներով:
Նշվում է, որ այդ պաշտոնին կարող են հավակնել միայն ԱՄՆ քաղաքացիները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը ծրագրում է մինչեւ 10 մլն դոլար ծախսել Հայաստանում հակակոռուպցիոն կոմիտեի առաջխաղացման վրա: Ծրագիրը ենթադրում է պայմանների ստեղծում՝ կոռուպցիայի համար հնարավորությունները կրճատելու համար: