«Support Armenia Fund»-ը և Էկոննախը կհամագործակցեն՝ խթանելու միկրոբիզնեսի վերականգնումը.արշավին միացել է Քիմ Քարդաշյանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր տեսազանգի միջոցով քննարկում է ունեցել «Support Armenia Fund» նախաձեռնող խմբի հետ։ Նախարարությունը կապ է հաստատել ֆոնդի հետ՝ պատրաստակամություն հայտնելու օժանդակել նրանց կողմից կազմակեպված դրամահավաքի արդյունքում փոքր ու միջին ձեռներեցության թիրախային աջակցությանը։
Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է խմբի նախաձեռնությունը եւ հավաստիացրել, որ իր թիմը պատրաստակամ է աջակցելու ֆոնդին աշխատանքն արդյունավետ կազմակերպելու գործում։ Նախարարը ներկայացրել է կառավարության հակաճգնաժամային ծրագրերի քաղաքականությունը, նշել այն չափորոշիչները, որոնցով ընտրվել են առաջինն օգնություն ստացած թիրախային բիզնես խմբերը, ինչպես նաեւ աջակցության գործիքակազմը։ Նախարարը նշել է, որ հենց ՓՄՁ-ներին ուղղված հակաճգնաժամային երրորդ միջոցառման շրջանակում օժանդակություն է ստացել շուրջ 900 տնտեսվարող։ Նախարարը թվարկել է այն ոլորտները, որոնք ամենաշատն են տուժել համավարակի բռնկման եւ կանխարգելիչ միջոցառումների պատճառով։ Նախարար Խաչատրյանի խոսքով՝ ճիշտ որոշումների կայացման համար մեծ կարեւորություն ունի լիարժեք տեղեկավածությունը, եւ նախարարությունը կկիսվի իր տրամադրության տակ գտնվող անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ ուղղորդելու աջակցության արդյունավետ բաշխման, ֆոկուս խմբերին ընտրելու եւ այլ հարցերում։ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հետագա համագործակցությունը կհամակարգի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ով կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն։
Նախաձեռնության անդամ Օլիվիա Ժամկոչյանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին աջակցության պատրաստակամության համար եւ ներկայացրել ֆոնդի գործունեությունն ու առաջիկա պլանները։ Նա նշել է, որ իրենք մտադիր են առաջնահերթ աջակցել փոքր ընտանեկան բիզնեսին հատկապես զբոսաշրջության ոլորտում։ Նա կարեւորել է ուժերի մոբիլիզացումը աջակցության մեծ ծավալների հասնելու գործում։
Հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ հանգանակության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման արշավին միացել է նաեւ Քիմ Քարդաշյանը։