Թրամփի զարմուհին ԱՄՆ նախագահին համարում է «ստախոս նարցիս», որի համար «սուտը կենսակերպ է»
Դոնալդ Թրամփի զարմուհին ԱՄՆ նախագահին բնութագրում է որպես «ստախոս նարցիս», որին ձեւավորել է նրա իշխող հայրը, ամերիկյան լրատվամիջոցներում հրապարակված նրա հուշերի հատվածների համաձայն:
Մերի Թրամփի «Չափից շատ եւ երբեք բավարար. ինչպես իմ ընտանիքը ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» հուշապատումը կհրատարակվի հաջորդ շաբաթ:
Գրքում նա Թրամփին մեղադրում է «ամբարտավանության եւ կանխամտածված անքաղաքավարության մեջ»:
Նա գրում է, որ Թրամփը զարգացրել է «այլասերված պահվածք» եւ «սուտը կենսակերպ է համարում»։
Նրա խոսքերով՝ Ամերիկայի ապագա առաջնորդը կեղծել է քննությունների արդյունքները, որպեսզի ընդունվի Փենսիլվանիայի համալսարանի հեղինակավոր Wharton բիզնես-դպրոց: Բացի այդ, նա ինչ-որ մեկին վճարել է, որ այդ մեկն իր փոեխարեն հանձնի ընդունելության քննությունը Նյու Յորքի միջին դպրոցում սովորելիս:
Գրքում նա պնդում է, որ Թրամփը իր սոցիոպատ հոր՝ Ֆրեդ Թրամփի արդյունքն է, հայտնում է Washington Post-ը:
Կլինիկական հոգեբան Մերի Թրամփը կարծում է, որ իր հորեղբորը չի հաջողվել զարգացնել մարդկային հույզերը, քանի որ հայրը ստեղծել է վիրավորական եւ տրավմատիկ տնային մթնոլորտ: Ամերիկյան ապագա առաջնորդի համար «սուտը նախեւառաջ ինքնագովազդի միջոց է եղել՝ նախատեսված այն բանի համար, որ այլ մարդկանց համոզի, թե ինքն ավելի լավն է, քան իրականում կա»:
Նախագահի կրտսեր եղբայր Ռոբերտ Թրամփը դիմել է դատարան եւ փորձել արգելափակել գրքի հրատարակումը՝ պնդելով, որ Մերին խախտել է 2001-ին կնքված չհրապարակման պայմանագիրը՝ իր պապի գույքային վեճը լուծելուց հետո: Անցյալ շաբաթ Նյու Յորքի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որ Simon & Schuster հրատարակչությունը կարող է հրատարակել հուշերը՝ հայտարարելով, որ այն «համաձայնագրի կողմ չէ»:
Երեքշաբթի, Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մակինանին հուշագրությունը անվանել է «ստերի գիրք», չնայած խոստովանել է, որ ինքը չի կարդացել այն: «Սրանք ծիծաղելի, անհեթեթ մեղադրանքներ են, որոնք բացարձակապես կապ չունեն ճշմարտության հետ»,- ասել է Մակինանին լրագրողներին:
Մերին Թրամփի ավագ եղբոր՝ 1981թ․ ալկոհոլիզմից մահացած Ֆրեդ Թրամփ-կրտսերի դուստրն է: Ֆրեդ Թրամփ-ավագը մահացել է 1999թ.
Նա գրում է, որ իր հորեղբայրը համապատասխանում է նարցիսների բոլոր կլինիկական չափանիշներին, հայտնում է New York Times-ը: «Դոնալդի պաթոլոգիաները այնքան բարդ են, եւ նրա վարքագիծը այնքան հաճախ անբացատրելի է, որ ճշգրիտ եւ համապարփակ ախտորոշման համար հոգեբանական եւ նեյրոֆիզիկական թեսթերի ամբողջական փաթեթ կպահանջվի»,- գրում է նա: