ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատունը ներկայացրել է Խուլիո Կորտասարի «Աստղադիտարանի արձակ»-ի հայերեն թարգմանությունը
Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Programa Sur» թարգմանությունների աջակցության ծրագրի շրջանակներում ներկայացվեց Խուլիո Կորտասարի «Աստղադիտարանի արձակ» վիպակի հայերեն թարգմանությունը:
Վիրտուալ այս շնորհանդեսում տեղ են գտել թե՛ թարգմանությունների այս ծրագրի, թե՛ Կորտասարի սույն ստեղծագործության մասին մտորումներ ու մեկնաբանություններ, որը ներկայացնում է Հնդկաստանում գտնվող Ջանտար-Մանտար աստղադիտարանի մասին պատմող լուսանկարչական էսսե:
Ինչպես նշեց Դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրեանը, «Programa Sur» ծրագիրը մեկնարկել է Արգենտինայի կառավարության կողմից արգենտինացի հեղինակների ստեղծագործությունների թարգմանության խթանման համար, նրանց օտար լեզուներով հրատարակելու եւ արտերկրում մեր պատկերացումները, գաղափարներն ու արժեքները տարածելու նպատակով»՝ հավելելով, որ այս ծրագիրը դարձել է ամերիկյան մայրցամաքի թարգմանչական դրամաշնորհային ամենածավալուն ծրագիրը`ներառելով տարեկան միջինը 135 գիրք:
Չիլինգիրեանը շնորհակալություն հայտնեց գրքի հայերեն թարգմանությունն իրականություն դարձնողներին՝ հատկապես գրքի թարգմանիչ Ալիս Տեր-Ղեւոնդյանին ու «Ակտուալ արվեստ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Մաթեւոսյանին:
Գրքի թարգմանիչ Ալիս Տեր-Ղեւոնդյանն էլ իր հերթին նշեց. «Վիպակն անդրադառնում է օձաձկներին, աստղերին, սուլթան Ջայ Սինգհին, բայց այն իհարկե մտածող մարդու մասին է։ Այն մարդու, որն ուսումնասիրելով օձաձկների կյանքի ցիկլը, մտորելով աստղագիտության ու փիլիսոփայության հարցերի շուրջ՝ երբեմն մոռանում է այդ ամենը միավորողի՝ ընդհանուր պատկերի մասին»:
Մինչ օրս Programa Sur-ը տրամադրել է 1472 դրամաշնորհ 46 լեզուներով թարգմանված աշխատանքների համար, որոնց հրատարակումը ներառում է հինգ մայրցամաքների 51 երկիր եւ որի համար հատկացվել է ավելի քան 4.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ ավելի քան 420 արգենտինացի հեղինակների ստեղծագործությունների թարգմանության համար:
2010 թվականից ի վեր Հայաստանում թարգմանվել է 14 ստեղծագործություն, որոնց շարքում են այնպիսի հայտնի գրողների ստեղծագործություններ, ինչպիսիք են Անա Մարիա Շուան, Ռոբերտո Արլտը, Ադոլֆո Բիոյ Կասարեսը, Խորխե Լուիս Բորխեսը, Խուլիո Կորտասարը եւ այլոք: