Ադրբեջանի և ՀՀ արտգործնախարարների տեսակոնֆերանսներից օգուտ չկա. Սա պարզապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է. Եթե բանակցություններն առարկայական չլինեն, մենք դրանց չենք մասնակցի. Ալիև
Ադրբեջանը չի փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում, քանի որ այն արդար է: Այս մասին հուլիսի 6-ին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը երկրի մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցում, փոխանցում է Turan-ը:
«Մեր դիրքորոշումը հիմնված է պատմական արդարության եւ միջազգային իրավունքի վրա: Հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մենք թույլ չենք տա հայկական երկրորդ պետություն ստեղծել ադրբեջանական հողի վրա»,- ասել է Ալիևը:
Նա քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբին պասիվության համար:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում ՀՀ վարչապետի հայտարարությանն այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանն է: Այս հայտարարությունը խաթարում է բանակցությունները և դրանք անիմաստ է դարձնում », - ասաց նա:
ԵԱՀԿ Մինսկի խումբը համարժեք պատասխան չի տվել ձևաչափը փոխելու Երևանի փորձերին՝ պահանջելով, որ Ադրբեջանը բանակցություններ սկսի Լեռնային Ղարաբաղի «անջատողականների» հետ, ասել է Ադրբեջանի նախագահը:
«Այսօր կարգավորման շուրջ փաստացի բանակցություններ չկան, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների տեսակոնֆերանսներից օգուտ չկա։ Սա պարզապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է: Եթե բանակցություններն առարկայական չլինեն, մենք դրանց չենք մասնակցի»,- շեշտել է Ալիևը: