Հայտարարվել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը
Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Կոլերը երկուշաբթի երեկոյան հայտարարել է Ֆրանսիայի նախարարների նոր կաբինետի կազմը՝ վարչապետ Ժան Կաստեքսի գլխավորությամբ, հայտնում է RFI-ը:
Կառավարությունը նշանակելիս, ավանդույթի համաձայն, պահպանվել է «գենդերային հավասարության» սկզբունքը:
Կարեւոր պաշտոններից մեկը՝ ՆԳ նախարարի պաշտոնը, ստանձնել է Ժերալդ Դարմանենը (բյուջեի նախկին նախարար):
Պաշտպանության նախարար է մնացել Ֆլորանս Պարլին: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կշարունակի ղեկավարել Ժան Իվ Լե Դրիանը: Բրունո Լե Մերը մնացել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:
Կրթության, երիտասարդության եւ սպորտի նախարար է մնացել Ժան Միշել Բլանկերը:
Բարբարա Պոմպիլին նշանակվել է բնապահպանական անցումային շրջանի նախարար:
Վարչապետ Էդուար Ֆիլիպի գլխավորությամբ նախորդ կառավարության հրաժարականը նախագահ Մակրոնն ընդունել էր ուրբաթ օրը, հուլիսի 3-ին: Նոր վարչապետ է նշանակվել կարանտինից երկիրը հանելու կառավարության համակարգող, 55-ամյա Ժան Կաստեքսը։