Հենրիխ Մխիթարյան․ Պետք է լինենք հանգիստ եւ չխելագարվենք՝ մտածելով, թե ամեն ինչ կորցրել ենք
Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Նապոլիից» կրած 1։2 հաշվով պարտությունն Իտալիայի առաջնության 30-րդ տուրի արտագնա խաղում։ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 1։1։
«Կարծում եմ՝ մենք ավելի լավ խաղացինք, քան նախորդ հանդիպումներում։ Մենք արժանի չէինք պարտության։ Խաղացինք ձգտումով եւ խաղադաշտում թողեցինք բոլոր ուժերը։
1։1 հաշվից հետո շանս ունեինք, բայց կենտրոնացած չէինք, երբ գոլ խփեց Ինսինյեն։ Այդուամենայնիվ, մենք առավելագույն ջանք կգործադրենք, որպեսզի մրցաշրջանն ավարտենք լավագույն ձեւով։
Մեզ պետք են ոչ միայն փորձառու խաղացողներ։ Անհրաժեշտ է փորձի եւ երիտասարդության համադրություն։
Կարծում եմ՝ մեր խնդիրն ավելի շատ մեր գլխում է։ Պետք է լինենք հանգիստ եւ չխելագարվենք՝ մտածելով, թե ամեն ինչ կորցրել ենք։ Դեռ շատ հանդիպումներ կան, եւ ամեն ինչ մեր ձեռքում է։
Մենք ունենք գերազանց թիմ եւ կարող ենք վերականգնվել, եթե հաղթենք հաջորդ խաղում։ Պետք է օգնենք իրար։ Ամեն ինչ լավ կլինի, քանի որ ունենք լավ կազմ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է football-italia.net-ը։
Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը կրեց երրորդ անընդմեջ պարտությունը։
«Նապոլին» 48 միավորով հավասարվեց 5-րդ տեղում ընթացող «Ռոմային» եւ հետ է գոլերի տարբերությամբ։
Հուլիսի 8-ին «Ռոման» 31-րդ տուրի խաղում կընդունի «Պարմային»։