Հո՞ երթաս, մարդ աստծո
Հենց այս պահին, բարեկամ, ընդհատիր տողի ընթերցումը, դուրս արի փողոց և առանց ընտրելու, պատահած հանդիպողի հարցրու՝ ի՞նչ է անհրաժեշտ այս կյանքն ապրելու համար: Հերթականությամբ թվարկվող նյութական արժեքներ կլսես միայն: Դժվարությամբ, մանրամասն փնտրելով' հնարավոր է գտնես մեկին, ով նախ հոգևորը նշի, նոր հետո իրեն ապահովող նյութականը թվարկի, ասի առաջինը խոսքը, հետո' հացը: Այդպես կարող եմ ես մտածել, որ ինչ-որ առարկայական ու շոշափելի բան ձեռք բերելու փոխարեն, նստած իմ մտահոգությունն եմ այստեղ գրառում: Այդպիսին դո՛ւ կարող ես լինել, որ բան ու գործ թողած, չգիտեմ, թե որքանով քեզ համոզող իմ այս մտքերն ես կարդում ու մեզ հետ էլի մի բուռ մարդիկ, որոնց մի մասն այսպիսի տողեր է գրառում, իսկ մյուս մասը համաձայնվում է դրանց հետ: Հիմա տեսնո՞ւմ ես, թե աշխարհը որքան փոքր է, ինչքան սահմանափակ է տիեզերքը, և երկրի վրա կախված երկինքն ընդամենը մի կաթիլ է: Ուղղակի արարչություն և ուղղակի արարող միայն մարդն է. երկիրն ու երկինքն իր մեջ ներառող ամբողջական մշակույթ: Թերևս անուղղակի կերպով, սակայն մարդու ստեղծագործությունը նույնպես ստեղծում է: Գեղագիտորեն բոլորովին իրարամերժ գործեր՝ Բեքեթի Գոդոն (ևս մի գլուխգործոց), շեքսպիրյան Համլետի ընձեռած հնարավորությունն է:
Մարդը բերանացի էր ստեղծում՝ խոսելով աստվածների հետ և լցված էր բառի թափառող տեսքով, քանի դեռ չէր անցել գրքով արտահայտվելու, գրականությամբ հաղորդվելու տարբերակին: Գիրը հնարավորություն էր' սեղմել բանավոր խոսքի շրջանակը: Մինչև նախորդ 20-րդ հարյուրամյակը, գրքի հասցեատերը որոշակի նյութական ապահովություն ունեցող հասարակության ազնվական փոքրամասնությունն ու ընտրյալն էր: Ունենալով այդ մենաշնորհը' պետության տերերն օգտագործում էին իրենց առավելությունը, գրավոր մշակույթով ձևավորում աշխարհն ու ժամանակը քննող իրենց հայացքը: Գրքի իմացությամբ էին հաղորդվում՝ միտքը նրբորեն ու շերտ առ շերտ ներարկելով հպատակ հասարակությանը՝ դարձնելով նաև նրա հայացքը: Հին Հռոմի պլեբեյն, անշուշտ, պատրիկից թերուս, բայց իր ժամանակի հոգևոր արժեքներով էր հաղորդվում և դրանց կրողն էր: Միայն նոր ժամանակներում գիրքը հատուկներից մատչելի դարձավ հասարակներին, ինչպես Պրոմեթևսը, կրակն աստվածներից վերցնելով, բաժանեց մարդկանց: Գուցե հավասար մեղքեր են գիրքը և կրակը հասարակացնելը: Հավանաբար զրկվելով մենաշնորհից՝ հատուկները սկսեցին արհամարհել դրա կարևորությունը. այլևս տերերը չեն արժևորում հոգևորը, և հասարակության հայացքը սայթաքում է հողից վերև ու ընկնում՝ ապավինելով իրեն պահող կարծր մարմիններին: Չկա միտքը, կա միայն մտածողություն նյութի, առարկայի շուրջը: Այս բովանդակության մեջ, ինչպես կրակը կարող է այրել մարդու ձեռքերն ու ոտքերը, այնպես էլ գիրքն է դառնում ավելորդ ու խանգարող: Երկփեղկված է իմ ժամանակի մարդը, տրոհված սեփական եսի շուրջը, ում բոլոր ժամանակների մարդկանցից ամենամանրամասն գիտեմ. իր տեսակի դասալիքն է, էություն դավաճանածը: Մարդը մտքի կրողն է, և նրա մտքի բացառիկությունը գեղարվեստական դրսևորումն է: Ի տարբերություն հրեշտակների, որ միայն միտք են ու հոգևոր գոյակցություն' մարդը նաև նյութական արժեքների կրողն է և միշտ պահպանել է հավասարակշռությունը: Նրբորեն նկատենք, որ, առաջնությունը տալով մտքին, հոգևորի շաղախով, հմտորեն գնահատել է նյութականի անհրաժեշտությունը: Բնականորեն օրինաչափ չէ այդ հավասարակշռության խախտումը: Իր էության նախնական իմաստը կորցնելով՝ մարդը գերակշիռ մասով դառնում է նյութականացված՝ հնարավոր ամբողջանալու, որ արդարացիորեն բնորոշվում է պարտություն ինքն իր նկատմամբ: Երբ Բաբելոնի աշտարակը ձգտում էր հասնել Աստծուն, թեկուզ ամբարտավան, բայց միանգամայն հոգևոր դրսևորում էր, և կործանվեցին: Հիմա մարդն աստվածայինի փոխարեն տեսնում է նյութը, կրկին ամբարտավան է, սակայն առանց հոգևոր ձգտման. բնականաբար կործանվելու է: 21-րդ դարի ճեպընթաց ու անկայարան սլացքի հետևից անկարող է հասնել մարդու հոգևոր կերպը և մնաց ու դեռ տրոփում է նախորդ դարի կենսական հովիտներում: Մեկուսացավ, առանձնացավ, ներսի դատարկությունը լցրեց ընկճախտով, և սկսվեց մարդու ճգնաժամն ամբողջ աշխարհում: Բնության օրենքն է. պարտված տեսակը չի շարունակվում: Թերևս ավարտվում է մարդկային քաղաքակրթության այս փուլը՝ վայրի աղմուկով փակելով շրջանակը, կամ աշխարհն է կործանվում, և մարդը նորից սկսելու է դրախտից: Ժամանակն է շեքսպիրյան խելագար հերոսի պես տագնապել՝ թեթև ուղղելով նրան. մարդը դուրս է սայթաքել իր շավղից, և երկիրը կանգ է առնելու: Առաջին մարդու տարբերությունը, հեռավորությունն այսօր ապրող պայմանականորեն վերջին մարդուց՝ դրախտի ու երկրի միջև չշոշափվող տարածությունը չէ, վստահաբար այդ անլցնելի դատարկ ժամանակը չէ միայն: Բարեկենցաղ ու դրախտում բոլոր նյութական արժեքներով ապահով մարդը մերժելով հրաժարվեց միայն մարմնին հաճելի վայելքներից՝ ձգտելով դեպի հոգևոր արժեքը: Իր մեջ դատարկը լցրեց, առանց որի արժեք չուներ դրախտը: Հստակ գիտակցելով իր գործած մեծագույն մեղքը՝ խախտեց Աստծու միակ պատվիրանը, անցավ արգելքը. և այդ արեց նա, ով առաջին սիրողն էր Աստծուն և ամենամոտն էր նրան՝ իր ստույգ և ուղղակի արարչին: Հանուն իմացության մարդը կորցրեց դրախտը՝ առանց երկմտելու, անկասկած ձեռք բերեց առաջնային անհրաժեշտը: Աստծուն հակառակվելու, մինչև իսկ ժխտելու միջոցով գնաց դեպի աստվածայինը: Հասկացավ և ուրախ էր Աստված, որ իր ստեղծածը պատկերացրածից ավելին է, և նրան խստագույնս ու անվերադարձ դատապարտելով մտքին՝ ճանապարհեց դրախտից, որ սահմանափակ էր ու նեղ' փոխարենը տալով ընդարձակ երկիրը, որտեղ միտքը կթափառեր տիեզերքով ու չէր մնա դրախտի առաստաղի տակ, որի բարձրությունն ընդամենը Կենաց ծառի կատարն էր: Խիզախ պահվածքի համար Աստված օրհնեց մարդուն' ասելով. ամեն օր հացդ վաստակիր ճակատիդ քրտինքով, որովհետև հացն ավելին չէ, քան ճակատի քրտինքը, ավելին ճակատի տակ է պահված: Իսկ այսօր մարդը երկիրն է կորցնում հանուն չիմացության: Վերջին մարդը վտանգում է առաջին մարդու շնորհիվ դրախտից ժառանգություն մնացած միակը՝ մտքի իմացությունը, որ անկասկած դրախտը վաճառելու իրական արժեքն էր, գուցե բարեբախտաբար: Անհնար է ժամանակը ետ շրջել ու գոնե մեկ ակնթարթ լինել նախընթացի տերը. հենց այդ անհնարինությամբ է մարդը նվաստ Աստծու համեմատությամբ: Միակը գիրքն է, որ կարողանում է Աստծուն բնորոշը դարձնել մարդուն: Չկա 19-րդ դարի Լոնդոնը՝ որպես կենսական ժամանակ ու բարքեր, նրանից միայն հնարավոր քաղաքաշինական պատառիկներ են պահպանվել, բայց Դիքենսի վեպերը մեզ դարձնում են այդ ժամանակի բնակիչը: Ոչ մի Շլիման էլ չէր հայտնաբերի Տրոյան, եթե Հոմերոսը հանկարծ որոշեր՝ ինքը խաշնարած է և գրող չէ: Իսկ նրա վիպերգությունը մեզ դարձնում է տրոյական պատերազմի մասնակիցը: Որքան ժամանակ էր մեռնելու երկրի վրա, եթե չլիներ գիրքը: Միակը գիրքն է, որ մեզ դարձնում է Աստված, թեկուզ հողածին, բայց կարողությամբ Աստծու հետ չափվող. մերժելով գիրքը՝ հրաժարվում ենք մեր բաժին աստվածայինից: Գիրքը ոչ միայն մտքի, նաև մարմնի հիշողությունն է, արթուն տեսած երազը: Մարդու արժեհամակարգն է փլուզվում, երկիրը փախչում է ոտքերի տակից, կորցնում է այն ամենը, ինչը մարդուն առանձնացնում, ընդգծում է բնության մեջ: Հայտնի ձևակերպումը՝ հո՞ երթաս, որով Պետրոսը Հռոմի հեռացող ճանապարհին դիմեց Փրկչին, և հավասարապես հայտնի պատասխանը, թե գնում եմ Հռոմ երկրորդ անգամ խաչվելու: Պետրոսը հրաժարվել էր միտքը փոխանցելուց, այսինքն՝ բարու և չարի իմացության ծառը երկրի վրա լինելուց և նույն երկրի վրա գնում էր շոշափվողի՝ սեփական կյանքի հետևից: Արհամարհելով առաջին մարդու դրախտային զոհաբերությունը՝ մարդը դավաճանում է հոգևոր արժեքը, ստիպված է կառչելով ապավինել նյութականին: Նորից ու երկրորդ անգամ է խաչվելու Աստված՝ երկրի վրա մտքից հրաժարված իր ժողովրդի համար: Մարդու վարքը կորցնում է մեծագույն ձեռքբերում' երկիր մոլորակը: Ու թե մի անգամ էլ կավից միս ու արյուն առնի, էլի դրախտում է լինելու և երկրորդ անգամ է իմացությունն արժևորելու նյութական հավերժական ապահովությունից: Մենք արդեն ունենք այդ իմաստուն փորձը. արժի՞ կրկնել, թեկուզ ավելի հաջողված տարբերակով: Մնում է տագնապով հարցնել՝ հո՞ երթաս, մարդ աստծո, ո՞ւր ես թողնում քո մտքի Հռոմը:
Հուսիկ Արա
Աղբյուրը՝ cultural.am