Ամերիկացիները արագ հոթ-դոգ ուտելու համաշխարհային երկու ռեկորդ են սահմանել
Ամերիկացիներ Ջոուի Չասթնաթը՝ «Ծնոտներ» անունով, եւ Միկի Սուդոն դարձել են արագ հոթ-դոգ ուտելու միջազգային մրցույթի հաղթողներ, որը տեղի է ունեցել շաբաթ օրը Նյու Յորքում եւ ավանդաբար նվիրվել է ազգային տոնին` ԱՄՆ Անկախության օրվան: Ինչպես հայտարարել են կազմակերպիչները, չեմպիոնները սահմանել են համաշխարհային ռեկորդներ՝ տղամարդկանց եւ կանանց կատեգորիաներում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մրցույթը Նյու Յորքի Բրուքլին թաղամասում գտնվող Coney Island ափին1972 թվականից անցկացնում է ամերիկյան Nathan's արագ սննդի ցանցը: Այս անգամ նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցույթն առաջին անգամ անցկացվել է փակ տարածքում եւ առանց հանդիսատեսի: Թե որտեղ են կազմակերպիչները անցկացրել այն, չի նշվում: Հեռարձակումը կատարել է ESPN հեռուստաալիքը:
Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքից ժամանած Չասթնաթը 10 րոպեի ընթացքում հասցրել է 75 հոթ-դոգ ուտել: Նա գերազանցել է իր սեփական ռեկորդը, որը սահմանել էր անցյալ տարի, երբ կերել էր 71 հոթ-դոգ: Սա նրա հինգերորդ անընդմեջ հաղթանակն է 2016 թվականից:
Նեւադայի Լաս Վեգասից ժամանած Սուդոն յոթերորդ անգամ անընդմեջ նվաճել է կանանց առաջնությունում չեմպիոնի տիտղոսը: Նրան հաջողվել է 10 րոպեի ընթացքում կուլ տալ 48 ու կես հոթ դոգ: Ըստ կազմակերպիչների, այսպիսով Սուդոն սահմանել է կանանց համաշխարհային նոր ռեկորդ: Նախորդը սահմանվել էր Վիրջինիայից «Սեւ այրի» մականունով Սոնյա Թոմասի կողմից: 2013-ի մրցույթում Թոմասին հաջողվել էր ուտել 45 հոթ-դոգ: «Ես ինձ գերազանց եմ զգում»,- լրագրողներին վստահեցրել է Սուդոն: Նա նշել է, որ համառորեն պատրաստվել է մրցույթին:
Մրցաշարի հաղթողները` եւ տղամարդիկ, եւ կանայք, բացի 10 000 դոլար դրամական պարգեւից, ստանում են նաեւ գոտիներ: Տղամարդկանց համար դա մանանեխի գույնի է, որով ԱՄՆ-ում հաճախ նրբերշիկ են ուտում: Կանանց համար՝ վարդագույն: Երկրորդ տեղի համար կվճարեն 5000 դոլար, երրորդի համար՝ 2500 դոլար: