Նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերվել ՀՀ զինված ուժերին (Լուսանկար)
Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ:
Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել համավարակի պայմաններում առողջ զորակոչի ապահովման նպատակով հիմնադրամի կողմից ցուցաբերված աջակցությունը եւ ընդգծել, որ «Թովմասյան» հիմնադրամի տրամադրած նմուշառման պարագաների շնորհիվ հակահամաճարակային միջոցառումները զինված ուժերում կիրականացվեն առավել արդյունավետ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաեւ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված համահայկական առցանց համերգի մասնակիցներին եւ հույս հայտնել, որ համագործակցությունը հիմնադրամի հետ շարունակական է լինելու։
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամն այսօր՝ հուլիսի 3-ին նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին։ «Թովմասյան» հիմնադրամը պաշտպանության նախարարությանն արդեն տրամադրել է 10. 000 COVID-19-ի թեստ։ «Միասին մենք կարող ենք» միջոցառման հավաքագրված հասույթից ավելի քան 25.200.000 դրամ տրամադրվել է դրանց ձեռքբերման համար։
Նմուշառման համար անհրաժեշտ բժկական բոլոր պարագաները փոխանցվել են ԶՈՒ ռազմաբժշկական վարչությանը, ինչը բավարար է ամառային զորակոչին ենթակա զինակոչիկների կրկնակի թեստավորման համար։
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն ընդգծել է, որ այս առաքելությամբ իրենք նպատակ ունեն օժանդակել վարակի տարածման կանխարգելումը զորակոչիկների շրջանում: