Մարուքյանը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ 2021-ի արտաքին օգնության տրամադրման վերաբերյալ հարցով
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ 2021 թվականի արտաքին օգնության տրամադրման վերաբերյալ հարցով (FY2021 Foreign Aid Bills):
Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում եմ, որ դիմել եմ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ 2021 թվականի արտաքին օգնության տրամադրման վերաբերյալ հարցով (FY2021 Foreign Aid Bills)։
Մասնավորապես, կարևորելով Արցախում «HALO Trust»-ի միջոցով այս տարիների ընթացքում իրականացվող ականզերծման աշխատանքների շարունակականությունը՝ իմ կողմից շեշտադրվել է այդ աշխատանքների նշանակությունը հակամարտության գոտում քաղաքացիական անձանց կյանքերը փրկելու առումով։
Այս աշխատանքները երաշխավորում են տասնյակ հազարավոր անձանց անվտանգությունն Արցախում։ Մասնավորապես, սկսած 2000 թվականից Արցախում ականազերծվել է մոտավորապես 500 ականապատ տարածք։
Այս աշխատանքները նաև տարածաշրջանում խաղաղության վերահաստատման առումով մեծ նշանակություն ունեն։
Հայ-ամերիկյան բարեկամությունն ապացուցել է իր ուժը՝ Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը պաշտպանելու, խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորելու հարցում։
Ինչպես ասում էր Վիլյամ Ֆուլբրայթը, ուժեղ օրենսդրի ամենամեծ արժանիքն այն չէ, թե նա ինչ կարող է անել, այլ այն, թե նա ինչը կարող է կանխել»: