Թուրքիայում դուք կարող եք լինել գեյ, եթե սատարում եք Էրդողանին
Թուրքիայում դուք կարող եք լինել գեյ, եթե սատարում եք նախագահ Ռեձջեփ Թայիփ Էրդողանին եւ չեք պահանջում ավելի իրավունքներ, հայտարարել է դիզայներ եւ առաջատար թուրք ԼԳԲՏ-ակտիվիստ Բարբարոս Չանսալը։
Ավելի վաղ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆահրեթին Ալթունն ասել էր, որ ԼԳԲՏ «քարոզչությունը» լուրջ սպառնալիք է ստեղծում Թուրքիայում խոսքի ազատության համար:
«Եթե դուք ռեժիմի եւ Էրդողանի կողմնակից եք, կարող եք միասեռական լինել: Բայց եթե ընդդիմություն եք, դուք մեղսագործ եք»,- Reuters-ի իր հոդվածում նշել է Չանսալը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Կարմիր մահիկի ղեկավար Քերեմ Կինիկը ասել էր, թե «կպայքարի նրանց դեմ, ովքեր խախտում են առողջ արարումը»:
Երկուշաբթի, չհիշատակելով միասեռականությունը, Էրդողանը նախազգուշացրել էր թուրքական ավանդական արժեքների վրա հարձակման մասին: «Որոշ մարդիկ նենգորեն հարձակվում են մեր ազգային եւ բարոյական արժեքների վրա՝ նորմալացնելով այլասերվածությունները, որոնք դատապարտվել են ամբողջ պատմության ընթացքում եւ նպատակ ունեն թունավորել երիտասարդ միտքը»,- ասել է Էրդողանը: Նախագահը բոլոր թուրքերին կոչ է արել դիմակայել «մեր Աստծո կողմից արգելված ցանկացած այլասերվածության եւ նրանց, ովքեր սատարում են դրանք»:
Էրդողանի եւ նրա կառավարության քննադատ Չանսալը 2013 թ. մասնակցել է համաժողովրդական Gezi Park բողոքի ակցիաներին։
2017-ի հունվարին Չանսալը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ «մարդկանց թշնամանքի կամ ատելության հրահրելու համար»: Նա YouTube-ի տեսանյութում քննադատել էր թուրքերին Նոր տարին նշելու համար՝ ասելով, որ տասնյակ լրագրողներ բանտարկված են, երեխաները սեռական բռնության են ենթարկվել, եւ կոռուպցիա ու կաշառակերություն է ամենուր: