ԱՄՆ-ում կոչ են անում արգելել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի կիրառումը
Հաշվողական տեխնիկայի ասոցիացիան (ACM)՝ համակարգչային ոլորտում ամենամեծ եւ ամենահին միջազգային կազմակերպությունը, օրենսդիրներին խնդրել է անհապաղ դադարեցնել պետական գործակալությունների եւ մասնավոր ընկերությունների կողմից դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի կիրառումը: Պատճառը փաստաթղթավորված էթնիկ, ռասայական եւ գենդերային կողմնակալությունն է, որ դրսեւորում են այս համակարգերը: ԱՄՆ տեխնոլոգիական քաղաքականության հանձնաժողովի (USTPC) հրապարակած նամակում մի խումբ հեղինակներ խոստովանում են, որ ապագայում այս տեխնոլոգիան կդառնա ավելի լավը, բայց դեռեւս այն «բավական հասուն չէ» եւ սպառնում է մարդու իրավունքներին, հայտնում է VentureBeat-ը:
«Նման կողմնակալության հետևանքները հաճախ դուրս են գալիս անհարմարության շրջանակներից եւ հանգեցնում են լուրջ վնասի, մասնավորապես, ժողովրդագրական որոշակի խմբերի, այդ թվում՝ բնակչության առավել խոցելի հատվածների անձանց կյանքի, ունեցվածքի եւ հիմնական իրավունքների հանդեպ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նախկինում նման հայտարարություններ էին անում ավելի քիչ թվով եւ ազդեցիկ կազմակերպություններ, ինչպիսիք են Ամերիկայի քաղաքացիական ազատությունների պաշտպանության միությունը կամ Ալգորիթմական արդարադատության լիգան, սակայն առաջին անգամ դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի արգելքի աջակցությամբ հանդես է գալիս մի ասոցիացիա, որը միավորում է համակարգչային տեխնիկայի մոտ 100 000 մասնագետների, հայտնում է HighTech+-ը:
Տեխնոլոգիայի անսարքության ապացույցներից մեկն էլ Դեթրոյթի ոստիկանության պետ Ջեյմս Քրեյգի հայտարարությունն է այն մասին, որ դեմքերը ճանաչող ծրագիրը սխալվում է 96%-ով: «Եթե մենք հույսը դնեինք միայն ծրագրի վրա, չէինք բացահայտի դեպքերի 95- 97%-ը»,- ասել է նա։
Բացի այդ, հեղինակները նամակում թվարկել են դեմքերի ճանաչման էթիկական սկզբունքները: Դրանք են՝
1. Դեմքերի ճանաչման համակարգը պետք է անցնի անկախ աուդիտ եւ մանրակրկիտ ստուգվի՝ կառավարության կողմից:
2. Մարդիկ պետք է տեղյակ լինեն, որ նման տեխնոլոգիա է կիրառվում։
3. Այս տեխնոլոգիան օգտագործող կազմակերպությունները պետք է պատասխանատվություն կրեն դրա պատճառած վնասի համար:
Հարկ է ընդգծել, որ ուղերձը դեմքերի ճանաչման ծրագրի մշտական արգելման կոչ չի անում, այլ պահանջում է ժամանակավոր դադարեցում, մինչեւ հասունանան ճշգրտության չափանիշները, ինչպես նաեւ՝ օրենքներն ու նորմերը: