Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ (Լուսանկարներ)
Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:
Նա, մասնավորապես, նշել է. «Անցած տարի որոշ ընդդիմադիր գործընկերներ դժգոհում էին շների պահման ու վնասազերծման «անմարդկային» պայմաններից: Վիճակը բավարար չէր, իհարկե, բայց նոր կլինիկան այդ ժամանակ դեռ կառուցվում էր, իսկ կենտրոնի մասնագետներն աշխատում էին փաստացի «դաշտային պայմաններում»:
Հիմա կլինիկան պատրաստ է՝ ընդլայնվելու պլաններով: Քաղաքապետ Հայկ Մարությանը այցելել է կենտրոն՝ ծանոթանալու աշխատանքի պայմաններին:
Նոր կլինիկայում կա մասնավորապես՝
-Կենդանիների պահման կարանտինային գոտի
-Կացարան
- Ժամանակակից պայմաններով հագեցած վիրահատարան
Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային ծրագրի առաջին փուլով կենդանիները հավաքվում են, ստերջացվում եւ վերադարձվում նախնական բնակության վայրերը: Երկրորդ փուլով հաշվառվում են եւ չիպավորվում (sic!) տանը պահվող կենդանիները, որպեսզի վերահսկվի պոպուլյացիան:
-Կարեւոր. քաղաքային իշխանությունը մտադիր է կիրառել կենդանու պահման համար նախատեսված տարեկան 5000 դրամ տեղական տուրքի համաներում (որը հիմա էլ փաստացի չի գանձվում), պայմանով, որ կենդանասերները եւ կենդանատերերը կգրանցեն իրենց սիրասուն խնամյալներին»: