Բայդենը Թրամփին առաջարկել է բանավեճերում պարզել, թե իրենցից ով է ավելի խելացի
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը ստացել է Դեմոկրատական կուսակցության առաջիկա համագումարում պատվիրակների բավարար աջակցությունը նոյեմբերին կայանալիք պետության ղեկավարի ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է բանավեճերի ժամանակ վերջնական հստակություն մտցնել այն հարցում, թե իրենցից ով է մյուսից ավելի խելամիտ: Բայդենն այս մասին ասել է Ուիլմինգթոնում (Դելավեր նահանգ) լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հանրապետական Թրամփին աջակցող Fox News հեռուստաալիքի աշխատակիցը հարց է ուղղել՝ նախկին փոխնախագահին ստուգե՞լ են արդյոք պարզելու համար կոգնիտիվ ունակությունների նվազումը: «Ես անհամբերությամբ սպասում եմ իմ կոգնիտիվ ունակությունները համեմատելու հնարավորությանը մի մարդու կոգնիտիվ ունակությունների հետ, ում դեմ նախընտրական պայքար եմ վարում»,- պատասխանել է Բայդենը: Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը եւ ԱՄՆ-ում նախընտրական մրցապայքարի առանձնահատկությունները, առերես պայքարելու նրանց միակ հնարավորությունը աշնանը կայանալիք բանավեճերի երեք փուլն է:
Թրամփը գրեթե 4 տարով փոքր է ընտրություններում իր ամենահավանական մրցակցից, որը նոյեմբերի 20-ին կդառնա 78 տարեկան: Թրամփը հաճախ է կասկածի ենթարկում Բայդենի մտավոր ունակությունները, որը երբեմն խոսքում վրիպումներ է թույլ տալիս: «Բայց բանը Բայդենի տարիքը չէ: Ես ծանոթ եմ ինձնից շատ ավելի մեծ մարդկանց, որոնք այնպես են դատում՝ ասես 25 տարեկան լինեն»,- հունիսի 18-ին The Wall Street Journal պարբերականի հետ հարցազրույցում ասել էր պետության ղեկավարը: Նա որպես օրինակ նշել էր Home Depot խանութների ցանցի հիմնադիր 91-ամյա Բեռնարդ Մարկուսին եւ 86-ամյա միլիարդատեր Շելդոն Ադելսոնին (հանրապետականների առանցքային հովանավորը):
Դեմոկրատների եւ հանրապետականների կողմից առաջադրված նախագահի թեկնածուների առաջին բանավեճերը տեղի են ունենալու սեպտեմբերի 29-ին Ինդիանա նահանգում Նոթր Դամ համալսարանում, երկրորդը՝ հոկտեմբերի 15-ին Միչիգան նահանգի համալսարանում, իսկ երրորդը՝ հոկտեմբերի 22-ին Թենեսի նահանգի Բելմոնթի համալսարանում: Փոխնախագահի թեկնածուների համար հոկտեմբերի 7-ին հեռուստաբանավեճեր կկազմակերպվեն Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի համալսարանում: Բանավեճերը սկսվելու են ԱՄՆ արեւելյան ափի ժամանակով 21:00-ին, որոնց տեւողությունը լինելու է 90 րոպե: ԱՄՆ նախագահի 59-րդ ընտությունները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին: