Ռուսաստանում հուլիսի 15-ին կսկսեն մարդկանց վրա եւս մեկ պատվաստանյութի փորձարկումները
Նախատեսվում է հուլիսի 15-ին սկսել մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որը մշակվել է «Վեկտոր» վիրուսաբանության եւ բիոտեխնոլոգիաների կենտրոնում: Այս մասին հայտնել է կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մաքսյուտովը:
Հետազոտության համար արդեն ընտրվել են 300 կամավորներ, որոնք բոլոր պահանջներին համապատասխանում են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սպասվում է, որ կլինիկական փորձարկումների առաջին փուլը կավարտվի սեպտեմբերին: Եթե հետազոտությունները հաջող արդյունք ունենան, ապացուցվեն պատվաստանյութի թե՛ անվտանգությունը, թե՛ իմունագենությունը, ապա կսկսվի դեղամիջոցի գրանցման ընթացակարգը:
Ռուսական մյուս պատվաստանյութը, որը ստեղծել են Պաշտպանության նախարարության ու Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային կենտրոնի մասնագետները, արդեն թեստավորվում է մարդկանց վրա: Ներարկումից հետո կամավորներն իրենց նորմալ են զգում, ոչ մեկի մոտ բարդություններ չեն առաջացել: